Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույց անող քաղաքացիներին ոստիկանությունը թույլ չի տա, որոշածի համաձայն, ամեն օր մեկ քայլ առաջ տանել բարեկադի վերածած աղբամանները: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Չեմ կարծում, որ աղբամաններն առաջ կբերեն: Եթե նրանց մեկ քայլը որեւէ բան կտա, եկեք տասը քայլ էլ մենք ավելացնենք, բայց դա ոչինչ չի տա: Եվ կարելի է տրամաբանել, որ այդ կերպ արհեստականորեն ստեղծում են մի իրավիճակ, որ բախում լինի, եւ հանրությանը ցույց տան, որ բախում կա, եկեք Բաղրամյան պողոտա»,- ասաց Վալերի Օսիպյանը՝ չհստակեցնելով, թե այդ դեպքում ոստիկանությունն ինչ քայլեր կձեռնարկի:
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարություն ընթերցած ակտիվիստներից Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ սկսելու են «Մեկ քայլ առաջ» ակցիան: «Բարիկադ դարձած այս աղբամանները մեզ համար խորհրդանիշ են: Եվ ամեն նոր օրվա ժամը 21:00-ին, եթե չենք ստանում պատասխան մեր պահանջներից գոնե մեկին, մեկ քայլ առաջ ենք տանում աղբամանները դեպի վեր՝ Բարեկամություն»,- հայտարարել էր Դավիթ Սանասարյանը: