Հասարակություն գլխավոր 

Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված. Արթուր Վանեցյանը պատրաստվում է կատարել Փաշինյանի հանձնարարությունը

Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ավելի վաղ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն ԱԱԾ-ից կոնկրետ արդյունքներ էր պահանջել մանիպուլյացիաների դեմ պայքարում:

«Կլինի ֆեյք, թե սովորական անձ, եթե գրառման մեջ չկա հանցակազմ, իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե գրառման մեջ հանցակազմ կա, ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագաքնել, իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի բացահայտեն, կանխեն հանցագործությունը»,-ասաց ԱԱԾ տնօրենը:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հիշատակած մանիպուլյացիային, Վանեցյանն ասաց, որ դա վերաբերում է այն գրառումներին, այն թեմաներին, որոնք տարածվում են սոցցանցերում անանուն օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների. «Ես հիմա չեմ ուզում մտնել այդ բառախաղի մեջ, բայց հավաստիացնում եմ, որ այդ գործընթացը կատարվելու է ուշադիր, զգույշ, և որևէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»:

ԱԱԾ-ը տնօրենը չգիտի՝ պայքարը լինելու է գործող օրենսդրության շրջանակներում, թե օրենսդրական փոփոխություններ են լինելու. «Դուք էլ տեսաք, որ նոր հարցն առաջ քաշեցին, դրա համար պետք է որոշ ժամանակ այն ուսումնասիրվի»:

Վանեցյանը շեշտեց, որ բոլոր աշխատանքները կատարվելու են այնպես, որ խոսքի ազատությանը վնաս չտրվի, ինչն ամենակարևոր սկզբունքն է, որին հետևելու է:

 

 

 

Նույն շարքից