Հասարակություն Բարի օր 

2 ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը նվազել է 15 սմ-ով. Փաշինյանը ներկայացրել է կես պատմությունը

 

Սևանա լճի մակարդակը 2019 թ-ի սեպտեմբերի 2-ի դրությամբ կազմում է 1900.63մ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը եղել է նույնքան` 1900.63մ. Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իարվիճակների նախարարության կայքէջը:

Օրերս Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր: Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի և Սևանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանել»:

Խնդիրն այն է, թե ինչու 45 մլն 616 հազար խորանարդ մետր ջուրը որևէ կերպ չի ազդել Սևանի մակարդակի վրա. ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մակարդակը նույնն է:

Բացի դրանից, Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը, այդ թվում` ստորերկրյա ներհոսքը, 2019 թ-ի սեպտեմբերի մեկի դրությամբ կազմել է 148.343 մլն խ/մ, իսկ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքով Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 129.044 մլն մետր խորանարդ: Ստացվում է, որ ավելի շատ ջուր է լցվում Սևան և ավելի քիչ դուրս եկել: Այս տարի պակաս են ջուր վերցրել, ըստ պաշտոնական աղբյուրների, սակայն Սևանի մակարդակը նույնն է մնացել՝ ինչո՞ւ:

Նշենք, որ 2017 թ-ի օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբներին Սևանա լճի մակարդակը 1900.66 մետր էր:

Այսինքն՝ 3 տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը 3 սմ-ով նվազել է, իսկ նախորդ տարվա համեմատ լճի մակարդակը դինամիկա չունի:

Ի դեպ, Սևանի մակարդակը մինչև այս տարվա ջրառը կազմել է 1900.78 մ, որը 2 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից:

Իսկ այս տարի արդեն ոռոգման սեզոնից սկսած Սևանա լճի մակարդակը նվազել է 15 սմ-ով: Իսկ թե ինչ է կատարվում Սևանի հետ դարձյալ, ինչպես նախորդ տարիներին, պատված է խորհրդավորությամբ, թե ինչ է լինում ջրի հետ կամ մակարդակն ինչու չի բարձրանում, ներկայացված թվային տվյալների մեջ գրեթե անհնար է պատկերացում կազմել, որտեղ ջրի մմ անգամ նշանակություն ունի:

Հերթական անգամ խաղում են Սևանի ջրի թվերի հետ: Կա երկու տարբերակ` կամ Փաշինյանին չեն ներկայացնում իրական պատկերը Սևանի վերաբերյալ, կամ Փաշինյանը չի ներկայացնում իրական պատկերը:

Ի դեպ, դեռևս չեն ավարտվել Արփա-Սևան թունելի վերանորոգման աշխատանքները, այն նախատեսված է ավարտել այս տարվա վերջում:

Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար հաշվարկված է լճի մակարդակը մինչև 2030 թվականը բարձրացնել մինչև 1905 մ` հաշվի առնելով ալիքի բարձրությունը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից