Քաղաքական 

2014թ. Երևանի զարգացման ծրագիրը մարդակենտրոն չէ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի սրահում այսօր ՀՅԴ Երևանի կոմիտեն մամուլի ասուլիս անցկացրեց Երևանի 2014թ. զարգացման ծրագրի և բյուջեի վերաբերյալ, որի ընթացքում բանախոսները հանգեցին այն եզրակացությանը, թե այդ ծրագիրը մարդակենտրոն չէ, ինչպես նաև նկատեցին մի շարք թերություններ:

 

«Չենք բացառում, որ Երևանի իշխանություններին փոխանցելով մեր մոտեցումները՝ շատ կարևոր քաղաքական ուժի հետ հաշվի նստելու խնդիր ենք դնում»,-ասաց Կոմիտեի անդամ Լիլիթ Գալստյանը՝ հարցադրում անելով, թե արդյո՞ք առկա քաղաքական մշակույթը թույլ կտա որ այդ մոտեցումներն իրականություն դառնան:

 

Դառնալով խնդիրներին՝ մատնանշեց. «Առաջինը՝ բյուջեի համար ընտրվել է մի մոդել, որը մեզ համար խիստ անհասկանալի է: Թվերի պատկերով պետք է ասել, որ առաջիկա տարվա նախագծի ծախսային մասի իրական աճը բոլորովին էլ աճ չէ: Իսկ զարգացման ծրագրում ավելի իրավիճակային խնդիրներ են դրված, որոնք կարճաժամկետ խնդիրներ են լուծում: Մինչդեռ հիմնական հայացքը պետք է ուղղված լինի երևանցուն»:

 

Անդրադառնալով քաղաքաշինության խնդիրներին՝ Լիլիթ Գալստյանը նշեց, որ բոլոր գիտեն, թե այդ քաղաքաշինության արդյունքում ինչպես է խախտվում Երևանի գլխավոր հատակագիծը: Իսկ կենտրոնի գերկառուցապատումը հասցրել է նրան, որ այդ հատվածները լիովին ծանրաբեռնվում են: Իրենք կանաչապատման, ծաղկապատման աշխատանքները արդյունավետ չեն դիտում և կարծում են, որ այսօր խայտառակ իրավիճակ է Երևանի բնապահպանական խնդիրների առումով:

 

 

Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունները տրանսպորտային խնդրին բավարար պատասխան չեն տալիս, այնինչ ոլորտին կառավարման միանգամայն նոր փիլիսոփայություն է անհրաժեշտ:

 

Ծախսերի մասին Լիլիթ Գալստյանը նկատեց, որ անարդյունավետ ծախսերը բազմաթիվ են, օրինակ՝ մայրաքաղաքում թափառող շների մեկուսացման համար 500.000 դոլար է նախատեսված: Եվ ստացվում է, որ յուրաքանչյուր քսանհինգ բնակչին մեկ թափառող շուն է հասնում:

 

«Հարմարավետ, բարեկեցիկ Երևանը ինքնին մարդու իրավունքի պաշտպանության համատեքստ է ստեղծում»,-ասաց նա:

 

Կոմիտեի մեկ այլ անդամ՝ Բագրատ Եսայանն էլ նշեց, որ եթե ամեն տարի քաղաքապետարանի նախատեսած քանակով շենք ամրացնեն կամ վերականգնեն, դա ավարտելու համար կպահանջվի հարյուր տարի:

 

«Երբ նույն խաչմերուկը մի քանի անգամ է ասֆալտապատվում է, դժվար է խոսել բյուջեի արդյունավետության մասին: Իսկ կանաչապատում ասելով՝ քաղաքապետարանը հասկանում է թփերի ու ծաղիկների ներմուծում, վառ օրինակը Դալմայի այգիներն են»,-ասաց նա:

 

Անդամներից Արթուր Ղազարյանն էլ անդրադարձավ երիտասարդության խնդիրներին. «Երևանում երևանցի երիտասարդը լուրջ հեռանկար չի տեսնում: Որպես տեղական իշխանություն, անդրադարձ չի կատարում բնակարանաշինության խնդրին: Այսօր երիտասարդությունը զբաղվածության խնդիր ունի, և քաղաքային իշխանությունները շարունակում են աչք փակել դրանց վրա»:
 

Նույն շարքից