Հայաստան 

2015 թ.-ը տուգանային հարված է Թուրքիայի դարպասին՝ երկու գնդակով. Հայկ Դեմոյան

Բանակցության երևանյան կենտրոնը այսօր կազմակերպել էր համաժողով նվիրված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ռազմավարությանը, հայկական պահանջատիրության` վերականգնման և հատուցման իրավաքաղաքական ուղիներին և այս համատեքստում ՀՀ իրականացրած դիվանագիտական քայլերին:

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ կարևորն այն է, որ չպետք է կորցնենք իրատեսութան զգացումը: «Այս իրատեսության զգացումն է, որը պետք  մեզ համար ուղենիշ դառնա մեր օրակարգ ձևավորելիս»,- ասաց նա:

Նա նշեց նաև, որ այսօր աշխարհում կան բազմապիսի խնդիրներ, և այս տարվա ընթացքում մենք համակարգիչների առաջ նստած ականատես եղանք նաև զանգածային ոճրագործության, որի նկատմամբ  աշխարհի արձագանքը գրեթե ոչինչ էր:

Հայկ Դեմոյանի գնահատմամբ՝ շատերի համար մեր խնդիրը իրենց խնդիրը  չէ, մինչև այն պահը, երբ այն կդառնա իրենց շահերից բխող:

«Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը համայն հայության գերագույն հարցն է»,- ասաց նա և նշեց, որ Ցեղասպանությունը եղած ու վերջացած հարց չէ,այն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելը չէ, Ցեղասպանության թանգարան այցելելը չէ, այլ յուրաքանչյուր հայի համար այն գիտակցումն է, որ դա վերաբերում է  իրեն, այնքանով որքանով ինքը հանդիսանում է այն մասնիկը, որի ժողովրդի նկատմամբ բնաջնջման փորձ են կատարել:

«Թուրքիան հայտնվել է մեկուսացման մեջ»,- ասաց Հայկ Դեմոյանը: Նա  նշեց, որ  բացի նրանից, որ թուրքական վախերը կապված են տարածքային, ֆինանսական կորուստների հետ, նրանք ունեն նաև հոգեբանական խնդիր։

Նա մեջբերեց թուրք գործիչներից մեկի խոսքը, ով ասել է թե 2015  թվականը ֆոտբոլային հարված է: «Այո տուգանային հարված է, սակայն ես կասե, որ տուգանային հարված է երկու  գնդակով՝ մեկ գոլ կարձանագրի՝ հարված  Թուրքիայի պատմության դարպասին, իսկ մյուսը՝ ապագայի դարպասին»,- ասաց Հայկ Դեմոյանը։

Նույն շարքից