Ներկայիս Միասնական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին կփոխարինի Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նման որոշում է կայացվել Բուրաբայում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ:
«Մենք որոշում ենք կայացրել, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից Հայաստանը կնախագահի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում։ Մենք նաև որոշում ենք կայացրել, թե ով Վիկտոր Բորիսովիչ Խրիստենկոյից հետո կնախագահի հանձնաժողովը։ Դա Տիգրան Սուրենի Սարգսյանն է՝ ՀՀ նախկին վարչապետը։ Նրան աջակցում է ՌԴ նախագահը: Ասում են՝ շատ փորձառու, առաջադեմ մասնագետ է: Այդ պատճառով մենք նրան նաև նշանակել ենք այդ հանձնաժողովի նախագահ: Եվ փետրվարի 1-ից նա կսկսի իր աշխատանքը»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը շաբաթվա սկզբին ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ նախագահները կքննարկեն կոլեգիայի նոր ղեկավարի նշանակման կարգը, բայց կարող են և վերջնական որոշում չկայացնել: Եթե հարցը վերջնականապես չհամաձայնեցվի, ապա կստեղծվեն բոլոր պայմանները, որ մինչև վերջ այսպես թե այնպես լուծվի ղեկավարի մասին հարցը, ասել է Ուշակովը:
Ուրբաթ օրը նախագահների հանդիպումից առաջ հարցը դեռ որոշված չի եղել։ Քննարկվել են տարբերակներ, այդ թվում՝ անհրաժեշտ է եղել որոշել, թե որ երկրից է հարկավոր սկսել կոլեգիայի ղեկավարի ռոտացիան՝ 2015 թվականի հունվարից միացած անդամից, թե Բելառուսից, որը կանգնած է միության ակունքներում։