Facebook սոցցանցը 476 հաշիվ է արգելափակել Facebook-ում եւ Instagram-ում, որոնց հետեւում կանգնած են եղել Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդում է ՏԱՍՍ -ը:
«Մենք 259 հաշիվ, 102 էջ, 5 խումբ, ինչպես նաեւ Instagram-ի 17 հաշիվ ենք փակել, որոնք ոչ ստույգ տեղեկություններ են տարածել Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային եւ Արեւելյան Աֆրիկայի մի շարք երկրների, ներառյալ՝ Լիբիայի, Սուդանի, Կոմորյան կղզիների, Կատարի, Թուրքիայի, Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի եւ Մարոկկոյի մասին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունում հայտնել են, որ այդ էջերն ու հաշիվները, մասնավորապես, կեղծ նյութեր են տարածել ահաբեկչությանը Կատարի եւ Թուրքիայի ներգրավվածության, Եմենում Իրանի գործողությունների, Լիբիայի կոնֆլիկտի եւ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հակաահաբեկչական կոալիցիայի հաջողությունների մասին:
Միեւնույն ժամանակ, այդ էջերն ու հաշիվները գովերգող տեղեկություններ են տարածել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի ու նրա «2030 տեսլական» ծրագրի, ինչպես նաեւ երկրի զինված ուժերի հաջողությունների մասին: