Հասարակություն 

Lactalis-ի մանկական կերերում վտանգավոր բակտերիա է հայտնաբերվել

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ֆրանսիական Lactalis ընկերության գործարանում սալմոնելի հայտնաբերելուց հետո առաջացած սկանդալի ֆոնի վրա 83 երկրներից ետ է կանչվել Lactalis ընկերության արտադրած ավելի քան 12 միլիոն տուփ կաթի փոշի: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով BBC-ին:

Ընկերության մի շարք արտադրատեսակներ դեռ 2017 թվականի դեկտեմբերից են սկսել ետ կանչել: Ինչպես հայտնում է The Guardian-ը, այն ժամանակ արագ կարգով ետ էին կանչվում Milumel, Picot և Celi-ի ապրանքները:

Ինչպես հայտնի է, սալմոնելի մանրէն կարող է ուժեղ ցավեր առաջացնել որովայնում, ինչպես նաև սրտխառնոց, աղազրկում և ջրազրկում: Այն հատկապես վտանգավոր է փոքր տարիքի երեխաների համար:

Ֆրանսիայում, Իսպանիայում նմանատիպ թունավորումների մի շարք դեպքեր են գրանցվել: Տուժածներ կան նաև Հունաստանում:

Որոշ ծնողներ արդեն դատական հայցեր են ներկայացրել նշված կազմակերպությունների դեմ, երբ իրենց երեխաների մոտ հայտնաբերվել են մանկական կերի պատճառով առաջացած առողջական խնդիրներ։

Lactalis ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էմանուել Բենյենը Journal du Dimanche ամսագրի հետ զրույցում հերքել է մեղադրանքներն առ այն, իրենք թաքցրել են գործարաններից մեկում վարակի տարածման մասին տեղեկությունը։ Նա նշել է, որ ընկերությունը փոխհատուցում է տալու բոլոր տուժողներին:

Ընկերության տեղեկություններով, վարակը հայտնվել է Կրաունում գտնվող գործարանում իրականացված վերանորոգումից հետո: Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունն արդեն հայտարարել է, որ իրականացվող քննության ժամանակ ժամանակավորապես արգելք է սահմանվել վերոնշյալ գործարանում արտադրված արտադրանքի համար:

Ֆրանսիական իշխանությունները տուգանքներով են սպառնացել Lactalis ընկերությանը, ինչպես նաև մի շարք սուպերմարկետների, որոնք շարունակում են վաճառել արտադրանքը՝ չնայած գոյություն ունեցող վտանգին:

Նույն շարքից