Կոշտ հայտարարությունները, ագրեսիվ գործողությունները եւ մշտական ինքնագովությունը Թուրքիայի նախագահի իմիջի մասն են դարձել, սակայն պարզվեց, որ Էրդողանը բոլորովին էլ այնքան անվախ ու հանդուգն չէ, որքան կուզենար: Այդ մասին գրում է New York Times-ը:
Այլ ավտորիտար առաջնորդների նման Էրդողանը հնարավորն անում է իր քաղաքացիներին ցույց տալու, թե «այստեղ ով է տերը»: Նա վերսկսել է քուրդ անջատողականների դեմ պայքարը, վերահսկողության տակ է առել զանգվածային լրատվության միջոցների մեծ մասը, հարկադրաբար իր կողմն է գրավել զինվորականներին և ժողովրդին ներշնչել է, թե առանց իրեն Թուրքիան ոչնչի ընդունակ չէ, նշում է հոդվածի հեղինակը:
Սակայն, չնայած թվացյալ ամրությանը, Էրդողանն ուղղակի վախկոտ է և ծայրաստիճան խոցելի է դարձել. նա չի հանդուրժում իր հասցեին նույնիսկ ամենափոքր քննադատությունը: Այդ մասին պերճախոս կերպով վկայում է այն փաստը, որ այսօրվա դրությամբ Թուրքիայում «նախագահին վիրավորելու» համար գրեթե 2000 մարդու պատասխանատվության են կանչել:
Թուրքիայի ներկայիս նախագահն անգութ և անհանդուրժող կառավարիչ է, որն ապացուցել է, որ չի հավատում ժողովրդավարությանը եւ պատրաստ է դրան դեմ գնալ ցանկացած եղանակով, եզրափակում է հոդվածի հեղինակը, հաղորդում է «Ria.ru»-ն: