Հասարակություն 

SOAD խմբի համերգին մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից. ոստիկանություն

2015 թ. ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից, բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան:

Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից:

Սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

 

2015 թվականի ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող «SOAD» ռոք խմբի համերգը, որն անցնում է «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով:

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով՝ անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Մուտքն անվճար է, բայց սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով:

2015 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝

-  Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,
-  Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
-  Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
-  Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,
-  Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,
-  Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,
-  Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ. Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:

- 2015 թ. ապրիլի 24-ին ժամը 08.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Մոսկովյան և Բաղրամյան-Կիևյան փողոցների խաչմերուկներից:
 

-  ժամը 06.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի, Ծիծեռնակաբերդի, Կիևյան փողոցներում, ինչպես նաև Լենինգրադյան փողոցում՝ Լենինգրադյան-Շինարարների փողոցների խաչմերուկից Կիևյան կամուրջ, Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկից Կիևյան կամուրջ:

 

-  ժամը 06.00-ից մինչև 14.00 սահմանափակվելու է երթևեկությունը Ծովակալ Իսակով պողոտայում՝ Սեբաստիայի փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ, Արգիշտի փողոցում՝ Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ և Մաշտոցի պողոտայում՝ Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ:

 

-  ժամը 16.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝

 

-Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,
-Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
-Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
-Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,
-Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,
-Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,
-Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:

 

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաև ապրիլի 25-ին:

Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ:

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո:

Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու:

2015 թվականի ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ – Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ – Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

 

Նույն շարքից