Այսօր՝ օգոստոսի 8-ին, կառավարությունը քննարկեց և ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժածներին աջակցություն տրամադրելու նախագիծը:
Վարչապետը հատուկ նշեց, որ այս աջակցությունը փոխհատուցում չէ, կյանքի գին չի որոշվում, այն ուղղակի ձևակերպվում է որպես աջակցություն. «Այս գործերով հետագա գործընթացները պետք է շարունակվեն: Մենք բավականին նուրբ իրավիճակում ենք, այն առումով, որ ես ինքս էլ 2008 թվականի Մարտի 1-2 իրադարձություններում ներգրավված եմ եղել ու մասնակից: Շատ կարևոր է, որպեսզի մենք էմոցիոնալ որոշումներ չկայացնենք, այլ ընդունենք ճիշտ բալանսավորված որոշումներ: Մենք, հիմնվելով ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի մասով կայացրած մի շարք որոշումների վրա, այս փուլի համար կայացրել ենք այսպիսի որոշում:
Այս հարցերը վերջնական լուծում պետք է ստանան ՄԻԵԴ-ում, փոխհատուցման չափը որոշի ՄԻԵԴ-ը, որպեսզի ներհայաստանյան համակարգերում շատ նուրբ իրավիճակները հաղթահարենք: Ես ուզում եմ կրկնել, որ մենք չենք փոխհատուցում, այլ աջակցում ենք: Փոխհատուցումն այլ հարթության հարց է և այլ ընթացակարգերով պետք է որոշվի»: