Թեպետ Թուրքիան որևէ դաշինքով կամ պայմանագրով Ադրբեջանին ռազմականապես սատարելու հստակ պարտավորություններ չունի, սակայն չի բացառվում, որ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմի ավանտյուրայի և արկածախնդրորեն հայտարարի կրտսեր եղբորը պատերազմական իրավիճակներում օգնելու պատրաստակամության մասին: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Նման զարգացումները չի կարելի բացառել, սակայն կարծում եմ, որ Թուրքիան այս պահին զբաղված է առավելապես օրերս կայանալիք նախագահական ընտրություններով, բացի այդ, իրավիճակն անասելի սրվել է Մերձավոր Արևելքում՝ Իրաքում և Սիրիայում: Եվ վերջապես երրորդ ու շատ կարևոր հանգամանքը. Թուրքիան դժվար թե կարողանա գործողություններ ծավալել Հարավային Կովկասում, որը համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի: Այս հանգամանքներից ելնելով էլ՝ չեմ կարծում, որ Հայաստանի հետ հնարավոր պատերազմի ժամանակ Թուրքիան կարողանա կամ ցանկանա ռազմական լուրջ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: