Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական նիստը: Նիստի սկզբում Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ երթի մասնակիցների թիվն իրականում չի գերազանցել հիսունը, դիմադրությունը սկսել է, երբ ոստիկանը քաշքշել է Շանթ Հարությունյանին, իսկ քաղաքացիների նկատմամբ երթի մասնակիցները որևէ բռնություն չեն կիրառել:
«Մինչ երթը դադարեցնելը, ոստիկանները նրանց չեն զգուշացրել երթի անօրինական լինելու մասին: Բախումը տեղի է ունեցել, երբ ոստիկաններից մեկը Շանթ Հարությունյանի պարանոցը բռնել է, ֆիզիկական ուժ գործադրել: Տեսագրություններում լսվում է Շանթի տասնչորս տարեկան որդու բղավոցը, որը գոռում է, հորը ոստիկանների ճիրաններից ազատելու համար հարվածում է բարձրախոսով: Բացի այդ, արձանագրության մեջ նշվում է, որ Արմեն Հովհաննիսյանը հրում է ոստիկան Գեղամ Խաչատրյանին, բայց տեսագրությամբ այդ հանգամանքը չի հաստատվել»,-ասաց նա:
Փաստաբանների հայտարարությանը հաջորդեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հարցը. «Ոստիկանությունն ի տարբերություն ընդդիմադիր քաղաքացիների, իրավունք ունի՞, օրենքով պաշտպանվա՞ծ է քաղաքացիների նկատմամբ պրովոկացիաներ կազմակերպել ու անպատիժ մնալ»:
Ի պատասխան՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հորդորեց իր պաշտպանից հարցնել, քանի որ հարցը իրավաբանական է:
«Փաստաբանս ասաց՝ ոչ ոք իրավունք չունի քաղաքացու նկատմամբ պրովոկացիա կազմակերպել: Ժամանակին, երբ նոր էի ձերբակալված, ասացի, որ մեր կոնֆլիկտը եղել է ոստիկանության հետ, պնդում եմ, որ քննչական գործողությունը կատարի երրորդ մարմին: Ոստիկանությունը շահագրգիռ մարմին է, գործի քննությունը տվել են իրեն, որ ծածկադմբոց անի: Դուք մերժեցիք, հասկանում եմ, որ քաղաքական պատվեր է: Ոստիկանները, քաղաքական հաշվեհարդարից ելնելով, պրովոկացիա են արել, քննիչներն էլ բազմակողմանի չեն քննել գործը»,-հայտարարեց Շանթ Հարությունյանը:
Այնուհետև Շանթ Հարությունյանն անդրադարձավ երթի օրը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ ունեցած առանձնազրույցին։
«Օսիպյանը թևս մտավ, տարավ, թող քննիչները պարզեն՝ ինչ էր ինձ ասում: Պահանջում եմ՝ Օսիպյանը գա այստեղ ու ասի, եթե Շանթը խուժան էր, բռնեիք, տանեիք… Սա քաղաքական հաշվեհարդարի խնդիր է: Պետությունը ԱԱԾ-ի ցուցումով փորձել է պրովոկացիայի մեջ մեզ ներքաշել: Իմ արարքի համար էլի եմ ասում՝ ճիշտ եմ արել, լավ եմ արել, դուրս գամ՝ էլի եմ անելու»,-ասաց Շանթ Հարությունյանը: