Իսպանիայի Կոնգրեսն անվստահություն է հայտնել Իսպանիայի կառավարությանը, որը գլխավորում է Մարիանո Ռախոն: Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից:
Ռախոյի կաբինետին անվստահություն են հայտնել 180 պառլամենտականներ: Իսպանիայում նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն կստանա սոցիալիստ Պեդրո Սանչեսը:
Դեմոկրատ Ռախոյն իր ելույթում ընդունել է պարտությունը և ներողություն խնդրել այն մարդկանցից, ովքեր իրենց վիրավորված են զգում:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իսպանիայի դատարանը հակակոռուպցիոն Գյուրտել գործի քննության շրջանակներում հայտնաբերել է Ռախոյի Ազգային կուսակցության հետ կապված մի քանի տասնյակ մարդկանց, ովքեր հարկեր են թաքցրել և փողերի լվացմամբ են զբաղվել: Դատարանը նաև պարտավորեցրել է Ազգային կուսակցությանը վճարել 245 հազար եվրոյի չափով տուգանք: Հենց այս դեպքից հետո էլ սոցիալիստներն առաջարկություն են ուղարկել Կոնգրես՝ պահանջելով վարչապետին անվստահություն հայտնել:
Նշենք, որ Ռախոյը նախօրեին հայտարարել էր, որ անվստահությունը կարող է կապված լինել ոչ թե Գյուրտել գործի հետ, այլ Սանչեսի ամբիցիաների:
Նշենք նաև , որ Գյուրտել անունը ստացած գործի քննությունը սկսվել է մոտ 10 տարի առաջ: Գործի շրջանակներում բացահայտվել են Ազգային կուսակցության ղեկավար պաշտոններ զբաղեցրած անդամների կողմից օրենքի խախտումներով կատարված գործարքները:
Գործի հիմնական դերակատարը Ֆրանսիսկո Կորեան է, որի անունով էլ հենց քննությունն անվանվել է (իսպաներեն correa նշանակում է գոտի, Gurtel- գերմաներեն նշանակում է գոտի): Իսպանիայի Գերագույն դատարանը 2018-ի մայիսի 24-ին Կորեային դատապարտել է 51 տարվա ազատազրկման: