Հասարակություն Իրավական 

Խնամքին մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց կտրվի պետական աջակցություն  

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահո­վող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» որոշման  մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ:

Փոփոխվելու է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կարգը:

Ըստ որոշման, ծրագրի շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի և ում ամսական միջին աշխատավարձը չի գերազանցում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ ՀՀ ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը:

Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն կտրվեն  է այն անձանց, ովքեր՝

1) ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են.

2) ունեն երեք և ավելի երեխա.

3) ունեն հաշմանդամ երեխա.

4) համարվում են միայնակ մայր:

Նախատեսված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը կտրվի առավել երկար ժամկետով հաշվառված անձանց:

Շահառուն կարող է ծրագրում ընդգրկվել մեկ անգամ: 

Ծրագրի կազմակերպումը եվ ֆինանսական միջոցների տրամադրումը 

 Աջակցությունը տրամադրվելու է  ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Տարածքային կենտրոնի տնօրենը, հիմք ընդունելով վերոնշյալ առաջնահերթությունները. ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի հետ կնքելու է  աջակցության տրամադրման պայմանագիր ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան:

Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուն տարածքային կենտրոն պետք է ներկայացնի.

1) իր՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու վերաբերյալ տեղեկանք,

2) իրեն վճարվող ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանք,

3) երեխայի խնամքն իրականացնող` շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի (դայակի) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի  կրկնօրինակը,

4) հայտարարություն իր և դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության բանկային հաշվի տվյալների մասին:

Ծրագրի ընթացքում՝ յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձավճարի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ  օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

Շահառուն գումարը դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը փոխանցելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տարածքային կենտրոն է ներկայացնում փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:

Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվները՝ ըստ տարածքային կենտրոնների:

Նախարարության աշխատակազմը գործակալությունից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:

Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:

Ծրագիրն սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոնները, դայակի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու փաստը ստուգելու նպատակով կատարում են անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հետ համադրում:

Տարածքային կենտրոնները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը գործակալություն են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:

Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է շահառուի բանկային հաշվին:

Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման՝ ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով:

Անալիտիկ

Նույն շարքից