Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ:
Փոփոխվելու է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կարգը:
Ըստ որոշման, ծրագրի շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի և ում ամսական միջին աշխատավարձը չի գերազանցում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ ՀՀ ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը:
Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն կտրվեն է այն անձանց, ովքեր՝
1) ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են.
2) ունեն երեք և ավելի երեխա.
3) ունեն հաշմանդամ երեխա.
4) համարվում են միայնակ մայր:
Նախատեսված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը կտրվի առավել երկար ժամկետով հաշվառված անձանց:
Շահառուն կարող է ծրագրում ընդգրկվել մեկ անգամ:
Ծրագրի կազմակերպումը եվ ֆինանսական միջոցների տրամադրումը
Աջակցությունը տրամադրվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Տարածքային կենտրոնի տնօրենը, հիմք ընդունելով վերոնշյալ առաջնահերթությունները. ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի հետ կնքելու է աջակցության տրամադրման պայմանագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան:
Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուն տարածքային կենտրոն պետք է ներկայացնի.
1) իր՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու վերաբերյալ տեղեկանք,
2) իրեն վճարվող ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանք,
3) երեխայի խնամքն իրականացնող` շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի (դայակի) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը,
4) հայտարարություն իր և դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության բանկային հաշվի տվյալների մասին:
Ծրագրի ընթացքում՝ յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձավճարի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
Շահառուն գումարը դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը փոխանցելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տարածքային կենտրոն է ներկայացնում փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:
Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվները՝ ըստ տարածքային կենտրոնների:
Նախարարության աշխատակազմը գործակալությունից ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում է և տրամադրում գործակալությանը:
Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:
Ծրագիրն սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոնները, դայակի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու փաստը ստուգելու նպատակով կատարում են անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հետ համադրում:
Տարածքային կենտրոնները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը գործակալություն են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:
Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:
Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է շահառուի բանկային հաշվին:
Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: