Արդեն պատրաստ է սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի նախագիծը, որը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը այսօր ներկայացրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Լրագրողների հետ հանդիպմանը հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը հանրությանը կներկայացվի հունիսի 1-ին: Գագիկ Հարությունյանը նշեց, որ բարեփոխումները մշակված են հիմնական մի քանի ուղղություններում:
Անդրադառնալով բազմիցս քննարկվող հարցին, թե բարեփոխումների արդյունքում փոխվելու է նաև ՀՀ-ի կառավարման համակարգը, Գագիկ Հարությունյանը նշեց. «Նախագծով չի նախատեսվում անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: Առաջին հերթին նախատեսվում է բարեփոխել գործող համակարգը և դրա վերաբերյալ առաջարկվում են կոնկրետ մոտեցումներ: Նախագծում մանրամասն ներկայացված են առկա խնդիրները և դրանց լուծման ձևերը: Միաժամանակ հանձնաժողովի անդամների կողմից առաջ քաշվեց նաև այն մոտեցումը, որ կան խնդիրներ, որոնք ավելի արդյունավետ կարելի է լուծել կառավարման այլ համակարգի պարագայում: Կան նախագահական երկրներ, որոնք արդյունավետ կարողանում են լուծումներ գտնել, և հակառակը՝ առաջանում են լուրջ խնդիրներ: Այստեղ կարևոր է համակարգի ամբողջականության և արդյունավետ գործունեության երաշխավորումը»:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ որպես այլընտրանք հանրությանը ներկայացնելու են նաև խորհրդարանական համակարգի պայմաններում տվյալ խնդիրների հնարավոր արդյունավետ լուծման տարբերակները, որպեսզի քննարկումների ժամանակ տեսնել, թե ինչպիսին է հանրային կարծիքը:
«Չի կարող լինել Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն, որը համակողմանի հիմնավորված չլինի, որը թղթի վրա հիմնավորված չլինի ու որին ծանուցած չլինի հանրությունը: Մենք քննարկումներ ենք անցկացնելու հասարակական կազմակերպությունների, իրավաբանների, քաղաքացիական հասարակության և այլ մասնագետների հետ»,- ասաց նա: