Կիեւի Եվրոպական հրապարակում գտնվող «Ուկրաինայի տան» հարեւանությամբ պայթյուն է որոտացել: УНН-ի փոխանցմամբ, պայթյունի հետեւանքով առնվազն 2 մարդ է տուժել:
«Առայժմ դժվար է որակել վնասվածքը: Սակայն տղամարդկանցից մեկն ավելի ծանր վիրավորում է ստացել: Նա հոսպիտալացման կարիք ունի»,- տեղեկացրել է շտապօգնության բժիշկը:
Դեպքի վայր է ժամանել նաեւ ոստիկանությունը: «Ներկայում ճշտում են պայթյունի մասին տեղեկությունը»,- հաղորդել են ՆԳՆ Կիեւի վարչության մամուլի ծառայությունում:
Որոշ ժամանակ անց Ուկրաինայի իրավապահները Կիեւում ձերբակալել են տղամարդուն, ով ինքնաշեն նռնակ է նետել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Ուկրաինայի տան» հարեւանությամբ:
«Անհայտ անձը սպառնացել է հաստատության տնօրենին եւ նրա ուղղությամբ նռնակ նետել: Պաշտոնյան, արձագանքելով չարագործի մտադրությանը, անմիջապես վնասազերծել է նրան: Միջադեպի ականատեսներն օգնել են ձերբակալել հանցագործին, շտապօգնություն եւ ոստիկանություն են զանգահարել»,- տեղեկացրել է դեպքի վայրում գտնվող Ուկրաինայի Ներքին գործերի փոխնախարար Նիկոլայ Վելիչկովիչը: