Երեկ՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդի դրսային շրջանի հրազենային վերք, կոտորակային» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Հակոբյանն է։ Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն էին ցուցաբերում, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։20-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Հարությունյանը վիրավորին պատկանող «ARAL» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով անզգուշությամբ կրակել է և այն դիպել է Գ. Հակոբյանին։ Ոստիկանները հայտնաբերել են նշված զենքը։
Գ. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին, կատարվածի մասի բացատրություն տվել և բաց թողնվել։ Հայտնի է, որ Գ. Հարությունյանն աշխատում է «Սպայկա» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: