Հասարակություն 

Հայտնաբերվել են ձվի մակնշման և ժամկետի հետ կապված խնդիրներ

Այսօր «Անալիտիկ»  կենտրոնում տեղի ունեցած   «Սպառողական շուկայի խախտումները ՀՀ-ում. ինչպե՞ս խուսափել խաբված լինելուց»  թեմայով ասուլիսի հյուր էր Բաբկեն Պիպոյանը:


Անդրադառնալով թեմային բանախոսն ասաց, որ պետք  է կարողանալ տարբերակել  սպառողական շուկայում առկա խնդիրները: Այսինքն՝ սպառողական շուկայում առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հստակ առանձնացնել   պարենային ապրանքների շուկայում առկա խնդիրները,  ոչ պարենային ապրանքների շուկայում առկա խնդիրներն ու  ծառայությունների ոլորտում առկա խնդիրները:


«Մեծ խնդիրներ ունենք պարենային ապրանքների շուկայում, հատկապես հստակեցնել է պետք ձվի շուկայում առկա խախտումները: «Սովրանո» ընկերությունը ուկրաինական ձվեր է ներմուծում, որոնց պիտանելիության ժամկետը 60 օր է, մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ ձվի իրացման ժամկետը 25 օր է: Նման պարագայում ձուն  սպառողական շուկա պետք է մտնի կրկնապիտակի առկայությամբ: «Սովրանոն» խախտել է կրկնապիտակի օրենքը և այն ներմուծել առանց կրկնապիտակի:


Արդյունքում ձուն մտնում է իրացման ցանց և կա խմբաքանակ, որի քսանհինգ օրը լրացել է, կա, որ դեռ չի լրացել: Կրկնապիտակների միջոցով պետք է սպառողին զգուշացվի այդ մասին: Օրենքը խախտում է խոշոր բիզնեսը, բայց արդյունքում տուժում՝ փոքրը: Սխալ մակնիշած ապրանքը, եթե իրացման ցանց է դուրս բերվում, պետք է պատասխանատվություն կրի ներմուծող ընկերությունը»:


Նույն թեմայով ասուլիսի ժամանակ Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանն ևս ֆիքսեց, որ  դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մակնշման և ժամկետի հետ կապված խնդիրներ: Հայաստան են ներկրվել ուկրաինական ձվեր, որոնց պիտանելիության ժամկետը մակնշված է եղել 60 օր, մինչդեռ Հայաստանում ձվի իրացման ժամկետը 25 օր է:

 

«Ուկրաինայի Հանրապետության նորմատիվ փաստաթղթի համաձայն՝ ձուն պիտանի է եղել 60 օր, մեր հանրապետությունում դա հայտնաբերելուց հետո ձվի խմբաքանակը հանվել է շուկայից և ոչնչացվել»,- տեղեկացրեց  նա:

 

Հիշեցնենք, որ  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով մինչև փետրվարի 13-ը հանրապետության վաճառքի կետերում անցկացվում է ձվի դիտարկում:

Նույն շարքից