Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Սպառողական շուկայի խախտումները ՀՀ-ում. ինչպե՞ս խուսափել խաբված լինելուց» թեմայով ասուլիսի հյուր էր Բաբկեն Պիպոյանը:
Անդրադառնալով թեմային բանախոսն ասաց, որ պետք է կարողանալ տարբերակել սպառողական շուկայում առկա խնդիրները: Այսինքն՝ սպառողական շուկայում առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հստակ առանձնացնել պարենային ապրանքների շուկայում առկա խնդիրները, ոչ պարենային ապրանքների շուկայում առկա խնդիրներն ու ծառայությունների ոլորտում առկա խնդիրները:
«Մեծ խնդիրներ ունենք պարենային ապրանքների շուկայում, հատկապես հստակեցնել է պետք ձվի շուկայում առկա խախտումները: «Սովրանո» ընկերությունը ուկրաինական ձվեր է ներմուծում, որոնց պիտանելիության ժամկետը 60 օր է, մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ ձվի իրացման ժամկետը 25 օր է: Նման պարագայում ձուն սպառողական շուկա պետք է մտնի կրկնապիտակի առկայությամբ: «Սովրանոն» խախտել է կրկնապիտակի օրենքը և այն ներմուծել առանց կրկնապիտակի:
Արդյունքում ձուն մտնում է իրացման ցանց և կա խմբաքանակ, որի քսանհինգ օրը լրացել է, կա, որ դեռ չի լրացել: Կրկնապիտակների միջոցով պետք է սպառողին զգուշացվի այդ մասին: Օրենքը խախտում է խոշոր բիզնեսը, բայց արդյունքում տուժում՝ փոքրը: Սխալ մակնիշած ապրանքը, եթե իրացման ցանց է դուրս բերվում, պետք է պատասխանատվություն կրի ներմուծող ընկերությունը»:
Նույն թեմայով ասուլիսի ժամանակ Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանն ևս ֆիքսեց, որ դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մակնշման և ժամկետի հետ կապված խնդիրներ: Հայաստան են ներկրվել ուկրաինական ձվեր, որոնց պիտանելիության ժամկետը մակնշված է եղել 60 օր, մինչդեռ Հայաստանում ձվի իրացման ժամկետը 25 օր է:
«Ուկրաինայի Հանրապետության նորմատիվ փաստաթղթի համաձայն՝ ձուն պիտանի է եղել 60 օր, մեր հանրապետությունում դա հայտնաբերելուց հետո ձվի խմբաքանակը հանվել է շուկայից և ոչնչացվել»,- տեղեկացրեց նա:
Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով մինչև փետրվարի 13-ը հանրապետության վաճառքի կետերում անցկացվում է ձվի դիտարկում: