Իրավական 

«Մենք չենք կարող փոխել ռուսական քաղաքականությունը, մենք պարզապես պետք է ճանաչենք նրանց». Կարինե Հակոբյան

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը գտնում է, որ փոխվում են Ռուսաստանի մարտավարական քայլերը, բայց քաղաքականությունը՝ ոչ: Իսկ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությանը Հայաստանը պատասխանում է իր «չքաղաքականությամբ»:

«Մենք իրենց քաղաքականությանը նպաստում ենք մեր «չքաղաքականությամբ»: Ամեն անգամ, երբ հասարակությունը հիասթափվում է երկրից, մի նոր արտագաղթի ալիք է առաջանում»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ խոսելով Ռուսաստանի հեշտացված կարգով քաղաքացիության տրամադրման նոր օրենքի մասին:

Բանախոսն անդրադարձավ նաև ռուսական «Հայրենակիցներ» ծրագրին, որով տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստան գնացին մշտական բնակություն հաստատելու: Նա նշեց, որ դա իրականում թակարդի նման մի բան էր:

«Մենք չենք կարող փոխել ռուսական քաղաքականությունը, մենք պարզապես պետք է ճանաչենք նրանց: Եվ իհարկե, պետք է նայել քարտեզին և հասկանալ, թե ինչի շնորհիվ են նրանք այդ տարածքին հասել»,- ասաց Կարինե Հակոբյանը և ավելացրեց, որ Ռուսաստանը տարածություն սիրող երկիր է, և նրանք ոչ թե հայերի նկատմամբ ինչ-որ բան ունեն, այլ իրենց շահն են առաջ տանում:

Ինչ վերաբերում է օրենքին, հրապարակախոսը նկատեց, որ դրա մեջ բոլոր կետերը ձևական են, ամեն ինչ արված է, որ այն նպաստի Ռուսաստանի բնակչության զարգացմանը. «Մեզ Ռուսաստանն անհրաժեշտ է ժամանակավոր, բայց նրանք ամեն ինչ անում են, որ դա դառնա մշտական, մարդիկ այնտեղ մշտական բնակություն հաստատեն»:

Նրա համոզմամբ՝ Ռուսաստանին Հայաստանի բնակչության լավագույն մասն է պետք, նրանք, ովքեր խախտում չեն անում, օրինապահ են:

Նույն շարքից