Իրավական 

Մենք օրենքի սահմաններում ամեն գնով պայքարելու ենք միջնորդ-փաստաբանների դեմ.Ա. Զոհրաբյան

Փաստաբանների պալատում ևս գիտեն փաստաբանների, ովքեր կաշառատվության համար միջնորդներ են կամ համագործակցում են պետական մարմինների հետ:

 

Այս մասին այսօր՝ իր պաշտոնավարման 100-րդ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի աղմկահարույց զեկույցին, որում խոսվում էր ներպետական դատական ատյաններում կաշառքի սակագների մասին, որոնք տրամադրվում են նաև փաստաբանական միջնորդություններով:

 

«Մեր փաստաբանական համայնքներում էլ կան միջնորդ-փաստաբաններ. ընդ որում, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ վերահաստատում ենք Պալատի այն դիրքորոշումը, որ մենք այդ միջնորդ-փաստաբաններին կոնկրետ պատերազմ ենք հայտարարել և ամեն գնով ազատվելու ենք նրանցից: Բայց «ամեն գնով» ազատվելը չի նշանակում օրենքին հակասող կամ չգիտեմ… անմեղության կանխավարկածի խախտումներ»,-ասաց Պալատի նախագահը:

 

Նա հավելեց, որ բացի միջնորդ փաստաբաններից, գիտեն նաև բազմաթիվ փաստաբանների, որոնց կասկածում են պետական մարմինների հետ համագործակցության մեջ՝ ի վնաս մեղադրյալի շահերի:

 

«Նույնիսկ վիճակագրական տվյալներ կան, որ ԱԱԾ գործերով ներգրավվում է ինչ-որ փաստաբան, որը նախկինում ԱԱԾ աշխատակից է եղել, շատ հետաքրքիր ուղղություն կա, որն էլ է այսպես ասած՝ աչք է ծակում, բայց ձևական առումով, մենք փաստաբան ենք, ինքներս ենք փորձում հորդորել, որ անմեղության կանխավարկածը չխախտվի: Եվ մինչև հստակ ապացույց չունենանք, որ այս փաստաբանին ներկայացնենք իր արարքը կատարելիս, չենք կարողանա ոչ մի քայլ անել»,-ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահը:

 

Հիշեցնենք, որ զեկույցի իրավական մասի հետ կապված Փաստաբանների պալատը գտել էր, որ այն հիմնավորված չէ, ինչը, ըստ Արա Զոհրաբյանի՝ բնական է, այլապես դրան պետք է հաջորդեին որոշակի քրեական գործերի հարուցումներ:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե Արդարադատության նախարարության որոշումը՝ շրջանառությունից հանել օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր պետական ռեեստրում գրանցվելու համար սահմանել 60.000 դրամի պետտուրք, և որը վտանգում էր Պալատի անկախությունը, վերջակա՞ն է, թե ոչ, Արա Զոհրաբյանը նշեց, որ իր գնահատմամբ՝ դա վերջնական է:

 

«Ինչպես ասում են՝ «երբեք մի ասա երբեք», բայց կարծում եմ, որ այն այլևս չի կրկնվի… Եվ շատ ուրախ եմ, որ մեր պաշտոնատար անձինք հարգեցին մեր անկախությունը»,-ասաց ՓՊ նախագահը, ով այդ հաղթանակը տեսնում է իբրև առաջին հերթին փաստաբանների միահամուռ կամքի և լրագրողների հետ համագործակցության արդյունք: 


Լուսանկարը՝ Iravaban.net-ի

Նույն շարքից