«Սանիթեք» ՍՊԸ-ի սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը դժգոհ է 2015 թվականի դեկտեմբերի վերջին «Սանիթեքի» կատարած աշխատանքից:
«Մենք հարյուր տոկոսով պատասխանատվություն ենք վերցնում: Գտնում ենք, որ որոշակի մեղք ունենք, որ կար ինչ-որ աշխատանք որը չէր կատարվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա և նշեց, որ առաջիկայում նախատեսում են մեքենաների քանակն ավելացնել, և փնտրում են լավագույն մեքենա-մեխանիզմներ:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտողությանը՝ նշեց, որ եթե քաղաքապետը տեսնում է բացթողումներ, ապա պետք է ընդգծի, և նա լուրջ կերպով արել է այդ զգուշացումը:
«Չկա մեկն, ով սխալներ չի գործում, մենք սովորեցինք մեր սխալներից, և ոչ միայն ուղղեցինք մեր սխալները, այլև գտնվում եք մեր գործունեության բարելավման գործընթացում»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ հետևանքներ է թողել այդ սխալը, գործադիր տնօրենն ասաց, որ կայացվել են ներքին որոշումներ, բայց դա իրենց ներքին խոհանոցն է և չի ցանկանում բարձրաձայնել:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե դեկտեմբերի վերջերին աշխատանքի թերացումը պայմանավորված է քաղաքապետարանի կողմից գումարի ուշ փոխանցմամբ, ապա «Սանիթեքի» տնօրենն ասաց. «Բամբասանքները երբեմն զվարճալի են լինում, քաղաքապետարանը ժամանակին է կատարում իր պարտավորություններ, երբեք փողը խնդիր չի կարող լինել: Չգիտեմ, որտեղից են բամբասանքները գալիս, դեկտեմբերի 28-ին բոլորի աշխատավարձերն արդեն վճարված էին»: