Հասարակություն 

Մենք 100 տոկոսով պատասխանատվություն ենք վերցնում. «Սանիթեքի» տնօրենը դժգոհ է դեկտեմբերի վերջի իրենց աշխատանքից

«Սանիթեք»  ՍՊԸ-ի սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը դժգոհ է 2015 թվականի դեկտեմբերի վերջին  «Սանիթեքի» կատարած աշխատանքից:

«Մենք հարյուր տոկոսով պատասխանատվություն ենք վերցնում: Գտնում ենք, որ որոշակի մեղք ունենք, որ կար ինչ-որ աշխատանք որը չէր կատարվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա և  նշեց, որ  առաջիկայում նախատեսում են  մեքենաների քանակն ավելացնել, և փնտրում են լավագույն մեքենա-մեխանիզմներ:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտողությանը՝ նշեց, որ եթե քաղաքապետը տեսնում է  բացթողումներ,  ապա պետք  է ընդգծի, և նա լուրջ կերպով արել է այդ զգուշացումը:

«Չկա մեկն, ով սխալներ չի գործում, մենք սովորեցինք մեր սխալներից, և ոչ միայն  ուղղեցինք մեր սխալները, այլև գտնվում եք մեր գործունեության բարելավման գործընթացում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ  հետևանքներ է թողել այդ սխալը, գործադիր տնօրենն ասաց, որ կայացվել են ներքին որոշումներ, բայց դա իրենց ներքին խոհանոցն է և չի ցանկանում բարձրաձայնել:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե դեկտեմբերի վերջերին աշխատանքի թերացումը պայմանավորված է քաղաքապետարանի կողմից գումարի ուշ փոխանցմամբ, ապա «Սանիթեքի» տնօրենն ասաց. «Բամբասանքները երբեմն զվարճալի են լինում, քաղաքապետարանը ժամանակին է կատարում իր պարտավորություններ, երբեք  փողը խնդիր չի կարող լինել: Չգիտեմ, որտեղից են բամբասանքները գալիս,  դեկտեմբերի 28-ին բոլորի աշխատավարձերն արդեն վճարված էին»:

Նույն շարքից