Շանթ Հարությունյանը նախորդ տարվա նոյեմբերի 5-ին փողոց է դուրս եկել արժեքների հեղափոխության, որ մարդկանց միջից հանի վախը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին իր ցուցմունքում նշեց ամբաստանյալը՝ հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում իր դեմ առաջադրված մեղադրանքում:
Շանթ Հարությունյանը ցուցմունքի սկզբում պատմեց, թե ինչպես է ընկերացել ամբաստանյալների հետ, առանձնացրեց Մկրտիչ Հովհաննիսյանին: «Մարդուն գնահատելիս պետք է հաշվի առնես ազատության մեջ նրա ընտրությունը։ Ես Մկրտիչ Հովհաննիսյանի մեջ տեսել եմ կայացած մարդու, որը կարա որոշի՝ գնա՞ աջ, թե՞ ձախ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում քիչ կան ըտենց կարգին տղերք, բայց իրա ներկայությունը ինձ հույս ա տալիս, որ կան ու կլինեն նման տղերք։ Էդ օրերին ինձ Ֆեյսբուքով շատ էին գրում, ես չէի հավատում, որ էդ գրողներից մեկը կգա հեղափոխություն անելու: Միակ մարդը, որ եկել ա՝ ինքն ա: Ինքը բացառիկ մարդ ա»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը եւ ավելացրեց. «Մենք գաղափարակից ընկերներ ենք, սա առիթ էր տեղեկացնելու, որ պատահական մարդիկ չեն հավաքվել այստեղ։ Մենք մեր համոզմունքների համար դուրս եկած մարդիկ ենք, մեր միավորվածությունը մինչեւ հիմա մեզ պահել ա»։
Շանթ Հարությունյանի պնդմամբ՝ նախկինում նա դեմ է եղել հեղափոխության գնալու մտքին։ «Այն, որ Հայաստանում պետք է հեղափոխություն, տարիների հետ հասկացա։ Ես ազգայնական գաղափարներով առաջնորդված մարդ եմ եւ նախկինում չեմ ընդունել հեղափոխությունը, բայց երբ որ կարդում են, հասունանում են: Իմ մոտ տարիների ընթացքում ձեւավորվում էր այն միտքը, որ ոչ սոցիալական հեղափոխություն կարա լինի, ոչ տնտեսական, ոչ քաղաքական, այլ միայն աշխարհայացքի եւ աշխարհընկալման հեղափոխություն կարող է լինել»։
Հարությունյանը համոզված է, որ այսօր իշխանությունը մարդկանց պահում է վախի մթնոլորտում. «Աշխարհում մարդիկ համախմբվում են ազատության, հավասարության եւ եղբայրության հարցի շուրջ։ Յուրաքանչյուր մարդու երջանկացնելու շանս տալու համար է երկիրը։ Ոստիկանները, որ ինձ բռնել էին, էնտեղ ասում էին, որ խփում ես փետով, ժողովրդի միջից ուզում ես վախը հանե՞ս, ասում էի՝ հա, ես ուզել եմ ժողովրդի միջից վախը հանեմ։ Վախկոտ ժողովուրդն ա, որ ամեն ստորության ընդունակ է։ Բավականաչափ պետք է ազնվություն, պարկեշտություն ունենան։ Մեր ժողովրդի մեջ ոչ միայն սրիկաներն են համարձակ դարձել, այլեւ պետական ստրուկտուրայում են լրիվ սրիկա»:
Ցուցմունք տալու ընթացքում դատավորն անընդհատ ընդհատում էր Շանթ Հարությունյանին՝ ասելով, որ «պատմական էքսկուրսիան ավարտվեց եւ անհրաժեշտ է խոսել գործից», ինչին Շանթ Հարությունյանը հակադարձեց. «Ես չեմ ընդունում, որ ես քրեական հանցագործ եմ, ես հասկանում եմ, որ այստեղ հնարավորություն ունեմ դիմելու հասարակությանը։ Սա հերթական անգամ առիթ ա մարդկանց քարոզելու, որ փոխեն իրենց մտածելակերպը։ Եթե ես խոսեմ, դա եմ ասելու, ուզում եք՝ ինձ զրկեք խոսելու հնարավորությունից»։
Դատավորը նրան թույլ տվեց շարունակել խոսքը։
«Ժողովուրդը երեխու պես ա, չի կարա ընտրի, եթե մարդը վեր ա կենում, ասում ա՝ ճիշտը սա ա, նրան մեկուսացնում են։ Ասում են՝ մեկը չկա, հելնի, հետեւից գնանք, Լեւոնը հելավ, գնաց տուն, Րաֆֆին գնաց։ Պատմությունը ցույց է տվել, որ առանց բախումների հանցավոր իշխանությունը չի հեռանում։ Ես երբեւեէ չեմ հիշում, որ ես մայթով երթ անեմ»,- ասաց Շանթ Հարութունյանը:
Ամբաստանյալը շարունակում է ցուցմունքը:
Նշենք, որ այսօրվա դատական նիստին ցուցմունք են տալիս ամբաստանյալները:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):