Հասարակություն 

Հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը կոգեկոչեն Ստամբուլում

ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) Եվրոպայի մասնաճյուղը և Եվրոպայի Ժողովրդական հակառասիստական շարժման անդամները կմեկնեն Թուրքիա` Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ոգեկոչելու  հենց այն քաղաքում, որտեղ այն սկսվել է` Ստամբուլում:

Ինչպես գրում է SoyArmenio.com-ը` ՀԲԸՄ Եվրոպայի և Եվրոպայի Ժողովրդական հակառասիստական շարժման պատվիրակությունը կազմված կլինի   Եվրոպայի ողջ տարածքում բնակվող երիտասարդներից: Նրանց կմիանան նաև Եվրոպայում գտնվող միջազգային այցելուները, ովքեր կցանկանան Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ոգեկոչել Ստամբուլում:

Ոգեկոչման միջոցառումները կանցկացվեն ապրիլի 24-ին`  Ստամբուլում, և խորհրդանշական 19:15-ին կավարտվեն Թաքսիմ կենտրոնական հրապարակում: Հիշատակության արարողություններ  կանցկացվեն  Ստամբուլի «Հայդարփաշա» կայարանում, որտեղից 1915-ի ապրիլի 24-ին աքսորել են  հայ մտավորականներին,  և Սուլթան Ահմեթ հնագույն բանտում, որտեղ նրանց պահում էին մինչև աքսորը:

 

  Ապրիլի 24-ին  ոգեկոչման արարողության մասնակիցները  կայցելեն նաև հայ զինծառայող Սևակ Բալըքչիի գերեզմանին, ով սպանվել է  2011-ի ապրիլի 24-ին՝ զինակից ընկերոջ կողմից`  էթնիկ պատկանելության  պատճառով:

 
Ոգեկոչման արարողությունների կազմակերպմանն աջակցում են թուրքական կազմակերպությունները, այդ թվում`  Եվրոպայի Ժողովրդական հակառասիստական շարժման անդամ «Դուրդե» կազմակերպությունը և Մարդու իրավունքների թուրքական ասոցիացիան:

 

Շատ այլ միջոցառումներ կիրականացվեն ողջ շաբաթվա ընթացքում, այդ թվում` ապրիլի 22-ին «Անադոլու Քյուլթուր» հիմնադրամի կազմակերպած համերգը` միջազգային կատարողների մասնակցությամբ, որոնց թվում են լինելու նաև հայ և թուրք երաժիշտներ:

Նույն շարքից