ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) Եվրոպայի մասնաճյուղը և Եվրոպայի Ժողովրդական հակառասիստական շարժման անդամները կմեկնեն Թուրքիա` Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ոգեկոչելու հենց այն քաղաքում, որտեղ այն սկսվել է` Ստամբուլում:
Ինչպես գրում է SoyArmenio.com-ը` ՀԲԸՄ Եվրոպայի և Եվրոպայի Ժողովրդական հակառասիստական շարժման պատվիրակությունը կազմված կլինի Եվրոպայի ողջ տարածքում բնակվող երիտասարդներից: Նրանց կմիանան նաև Եվրոպայում գտնվող միջազգային այցելուները, ովքեր կցանկանան Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ոգեկոչել Ստամբուլում:
Ոգեկոչման միջոցառումները կանցկացվեն ապրիլի 24-ին` Ստամբուլում, և խորհրդանշական 19:15-ին կավարտվեն Թաքսիմ կենտրոնական հրապարակում: Հիշատակության արարողություններ կանցկացվեն Ստամբուլի «Հայդարփաշա» կայարանում, որտեղից 1915-ի ապրիլի 24-ին աքսորել են հայ մտավորականներին, և Սուլթան Ահմեթ հնագույն բանտում, որտեղ նրանց պահում էին մինչև աքսորը:
Ապրիլի 24-ին ոգեկոչման արարողության մասնակիցները կայցելեն նաև հայ զինծառայող Սևակ Բալըքչիի գերեզմանին, ով սպանվել է 2011-ի ապրիլի 24-ին՝ զինակից ընկերոջ կողմից` էթնիկ պատկանելության պատճառով:
Ոգեկոչման արարողությունների կազմակերպմանն աջակցում են թուրքական կազմակերպությունները, այդ թվում` Եվրոպայի Ժողովրդական հակառասիստական շարժման անդամ «Դուրդե» կազմակերպությունը և Մարդու իրավունքների թուրքական ասոցիացիան:
Շատ այլ միջոցառումներ կիրականացվեն ողջ շաբաթվա ընթացքում, այդ թվում` ապրիլի 22-ին «Անադոլու Քյուլթուր» հիմնադրամի կազմակերպած համերգը` միջազգային կատարողների մասնակցությամբ, որոնց թվում են լինելու նաև հայ և թուրք երաժիշտներ: