Թաթուլ Հակոբյանի տարածար տեղեկությունները մի քանի պատճառներով այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակմանը. «Նախ ասեմ, որ վերջին անգամ եմ անդրադառնում այս հարցին և այլևս այս մասին չեմ խոսելու, որովհետև, երբ մարտական գործողություններն այս կամ այն ձևաչափով շարունակվում են, երբ այս կամ այն տարածքի մասով որոշակի գործողություններ կարող են լինել, նման մանրուքներ քննարկելը կարող է լրջորեն վնասել գործին»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վերջին 20 տարվա ընթացում դիրքային բարելավումները միշտ եղել են ի օգուտ հայկական կողմի:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է կարցրել հայկական կողմը՝ ՀՀ ՊՆ խոսնակն ասաց, որ չի ընդունում «կորցնել» բառը, քանի որ դա ժամանակավոր բնույթ է կրում, իսկ առհսարակ դիրքային փոփոխություններ միշտ էլ եղել են. «Թաթուլ Հայոբյանը նշել է տերմինները, որոնք ընդհանրապես չի կարելի կիրառել: Խոսում է հենակետերի մասին,սակայն այնտեղ մեկ հենակետ է, իսկ եթե նկատի ունի ջոկային դիրքերը, ապա իր ունեցած տեղեկությունները մոտ են իրականությանը: Պետք է հասկանալ, որ նույնիսկ այդ հասարակ տերմիններով իրավիճակ է ստեղծվում»:
Հովհաննիսյանի խոսքերով, արդեն ապրիլի 4-ին պաշտոնապես հայտարարվել էր, որ ինչ-որ բան դեռ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց հիմա պետք չէ այդ մասին մանրամասնել:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը խոսեց նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարության մասին, որ միայն Թալիշի ուղղությամբ հայկական կողմը կորցրել է 7 միլիոն քառակուսի մետր տարածք: Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ լուրջ չէ նստել և քարտեզի վրա հաշվել տարածքը, էլ ավելի անլուրջ է դառնում, երբ դա արվում է Google-ի քարտեզով. «Ես հարգում եմ Ժիրայր Սեֆիլյանին և նրա կողքը կանգնողներին, որոնք երկարամյա զինվորական ծառայություն են անցել: Բայց պետք չէ տրվել մանիպուլացիաների, որովհետև տարրական ռազմական հմտությունները պահանջում են մի քանի կանոնների պահպանում: Եթե քարտեզ է ներկայացվում, պետք չէ խառնել հյուսիսն ու հարավը: Նրանք ասում են, որ տեղում չեն եղել, սակայն հաշվարկներ են անում: Զինվորականը գիտի, որ հաշվարկներ կատարելիս պետք է լինի տեղում»:
Խոսելով երեկ՝ մայիսի 13-ին Թալիշի և Մարտակերտի ուղղություններով տեղի ունեցած սրացումների մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ Պաշտպանության բանակն արդեն հայտնել է այդ մասին, առավոտյան համեմատաբար հանգիստ է եղել, սակայն կրակոցներ պահպանվել են: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նա ասաց, որ այդ մասին տեղեկություններ դեռ չունի: