Սահմանադրական բարեփոխումների շրջանակում չի նախատեսվում հանել ՀՀ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվող նստակեցության և քաղաքացիության ցենզերը: Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի նախագիծը ՀՀ նախագահին ներկայացնելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:
«Ընտրական համակարգը բարեփոխումների շրջանակում քննարկվել է մի քանի ուղղություններով՝ ակտիվ ու պասիվ: Առաջին հարցը, որ մեզ միշտ տալիս են, այն է, թե արդյոք վերանայվելու է ՀՀ նախագահին և ԱԺ պատգամավորներին ներկայացվող ցենզերը: Մի շարք միջազգային կազմակերպություններ հորդորում են, որ այդ ցենզերը պետք է հանվեն, սակայն հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում չենք գնացել այդ փոփոխությունների առաջարկությանը՝ ելնելով թե քաղաքական, թե Հայաստանի կենսական շահերից, կարևոր է այս հանգամանքը նման պաշտոններ զբաղեցնելու համար»,-ասաց նա:
Հրայր Թովմասյանը նաև նշեց, որ ակտիվ ընտրական իրավունքում առաջարկվում է որոշակի փոփոխություններ իրականացնել։ «Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիների նկատմամբ սահմանափակումը հանելուն կամ տարբերակված մոտեցում ցուցաբերելուն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է խորհրդարանական ընտրություններն անցկացվեն միայն համամասնական ընտրակարգով, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Հանձնաժողովը շատ լուրջ անդրադարձել է հարցին՝ որքանով հիմնավոր կլինի և անհրաժեշտ անցում կատարել համամասնական համակարգին, բայց վերջնական որոշում չկա, առաջիկայում կազմակերպվելիք քննարկումների ընթացքում պարզ կլինի: Բայց որքան էլ մենք մասնագիտական քննարկումներ կազմակերպենք, պետք է քաղաքական մոտեցումները հաշվի առնենք»։