Հայաստան Քաղաքականություն 

Մեր երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Չեխիայի ԱԳ նախարար

analitik.am

Հայաստանում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացումը վկայում է երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակի մասին, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանում հինգշաբթի տեղի է ունեցել Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությունը։

«Մեր երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։ Այցի ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլ նաև համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, տնտեսական համագործակցության հնարավորությունները, տարածաշրջանային հարցեր, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը», – ասաց Նալբանդյանը։

Զաորալեկը համաձայնեց գործընկերոջ հետ` հայտարարելով, որ երկու երկների շփումներն իրականացվում են ամենաբարձր մակարդակով։

«Մեր երկրները ամենատարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ ունեն։ Բազմաթիվ չեխ ձեռներեցներ պատրաստ են աշխատել Հայաստանում, իսկ հայ ձեռներեցները` Չեխիայում և եվրոպական այլ երկրներում», – ասաց Զաորալեկը։

Նա վերահաստատեց Չեխիայի պատրաստակամությունը` նպաստելու Հայաստանի և Եվրամիության երկխոսությանն ու ստեղծելու նոր իրավական հիմքեր համագործակցության համար։ Այս տեսակետից նա դրական գնահատեց Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված տեղաշարժերը։

Ռիգայում մայիսի 21–22–ին տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում մասնակիցները հաստատել են  ԵՄ–ի և ծրագրի վեց պետությունների` Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև «խորը համագործակցության զարգացումը»։

Նույն շարքից