Հայաստան Տնտեսություն 

Տվյալ պարագայում կառավարությունը պարտավոր է հոգալ առաջին հերթին սոցիալապես անապահով խավերին. նախարար

analitik.am

Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցությունը ամբողջ հասարակության խնդիրն է: Նման կարծիք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սոցիալապես անապահով ընտանիքների համար սուբսիդավորելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հավելյալ ծախսը, արդյոք կրկնակի բեռ չեն դնում մյուս քաղաքացիների վրա:

«Սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերը պետք է համահունչ լինեն մեր սոցիալ-տնտեսական իրավիճակին և ունեցած հնարավորություններին։ Որևէ քաղաքացի չի կարող չհամաձայնել այն մոտեցումների հետ, որ դրված են այս որոշման հիմքում: Այսինքն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցությունը ամբողջ հասարակության խնդիրն է, և բնականաբար, դա իրականացվելու է պետբյուջեի հաշվին համապատասխան ծրագրերի միջոցով»,- ասաց նա:

Նախարարի կարծիքով, մինչ օրս պատկան մարմինների տված տեղեկությունը բավարար հիմք  է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու համար:

«Չեմ կիսում տեսակետը, որ հնարավորություն կար որևէ ձևաչափով չբարձրացնել սակագնինը ու չի արվել: Վստահաբար ասում եմ, որ կառավարությունը, բոլոր պետական մարմինները իրականացրել են անհրաժեշտ միջոցառումները, որ սակագինը չբարձրանա: Տվյալ պարագայում կառավարությունը պարտավոր է հոգալ առաջին հերթին սոցիալապես անապահով խավերին»,- ասաց նա։

Հարցին, թե հաշվարկել են, թե որքան է կազմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից բխող ազդեցությունը մյուս ապրանքների գների վրա և մտավախություն չկա, որ աղքատության շեմին գտնվող ընտանիքների վիճակը կվատանա, նախարարը պատասխանեց.«Էլեկտրաէներգիայի սակագնի ազդեցությունը աղքատության մակարդակի վրա որքան կկազմի հասկանալու համար պետք է մոդելավորել: Մենք համաշխարհային բանկի մեր գործընկերների հետ իրականացնելու ենք ծրագիր: Այդ աշխատանքները ընթացքի մեջ են, ու դա բազմագործոն մոդել է, պարզ հաշվարկներ չեն»:

Նույն շարքից