НТВ հեռուստաընկերության լրագրող Անաստասիա Պակը չի ազատվել աշխատանքից, նա շարունակում է լուսաբանել Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցը НТВ հեռուստաընկերության պատվերով:
«Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մենք Երևանում շարունակում ենք մեր աշխատանքը: Շնորհակալություն բոլորին», - Facebook-ի իր էջում գրել է Անաստասիա Պակը:
«Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի թղթակից Էլինա Ղազարյանը սոցցանցի իր էջում պարզաբանելով կատարվածը՝ գրել է, որ ուղիղ եթերի ընթացքում կատարվածից ու ղեկավարության զանգից հետո Անաստասիայի մոտ հուզական պոռթկում է եղել, այդ պատճառով էլ ասել է, թե իրեն ազատել են աշխատանքի:
Էլինա Ղազարյանի փոխանցմամբ՝ ապատեցեկատվություն է նաև սոցցանցերում քննարկվող թեման, թե կատարվածից հետո НТВ-ի օպերատոր Զաքիր Անսորովը, դիմելով ցուցարարներին, ասել է. «Դուք առանց Ռուասաստանի մի օր անգամ չեք դիմանա»: Համոզվելու համար հաղորդավարուհին առաջարկում է դիտել տեսանյութը, որում այդ նախադասությունն ասած մարդու ձայնը ակնհայտ տարբերվում է օպերատորի ձայնից, ով հրաժեշտ տալով «շնորհակալություն» է հայտնում Երևանին: