Գլխավոր Սպորտ 

Հայ մարզիկներն ավարտեցին ելույթն առաջին Եվրոպական խաղերում

analitik.am

Հայաստանի հավաքականն ավարտեց իր ելույթը Առաջին Եվրոպական Ամառային խաղերում: 25 մարզիկից բաղկացած մեր թիմը պատվախնդիր ելույթ ունեցավ: Ի պատիվ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի Բաքվում ծածանվեց Հայոց եռագույնը: Մեր ըմբիշը նվաճեց արծաթե մեդալ:

Պատվո հարթակից ընդամենը 1 քայլ հեռու մնացին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանն ու Մաքսիմ Մանուկյանը, սամբիստներ Սոսե Բալասանյանը, Տիգրան Կիրակոսյանն ու Աշոտ Դանիելյանը: Նրանք գրավեցին 5-րդ տեղը: Միայն գովեստի խոսքեր պետք է ասել 5-րդ տեղը գրաված հրաձիգ Հրաչիկ Բաբայանի հասցեին:

18-ամյա մարզիկը սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, հաղթեց որակավորման փուլում, առաջին տեղով մտավ եզրափակիչ ու միայն 14-րդ կրակոցի ժամանակ վրիպելով` ամենաուժեղների պայքարում գրավեց 5-րդ տեղը: Լավ ելույթ ունեցան մեր բռնցքամարտիկներն ու թեքվանդիստը:

Մեր հավաքականն այս խաղերի ընթացքում իրեն դրսևորեց որպես մի համերաշխ թիմ: Որևէ տհաճ միջադեպ տեղի չունեցավ: Խաղերի մեկնելուց առաջ մենք գիտակցում էինք, թե ուր ենք մեկնում: Հասկանում էինք մեր քայլի լրջությունը: Այսօր պիտի փաստենք, որ շնորհիվ մեր մարզիկների` Հայաստանը պատվով ներկայացավ Եվրոպական ընտանիքում: Մենք վերադառնում ենք բարձր գլխով և մեր առաքելությունը կատարած:

Այս մասին տեղեկացնում է Բաքվի Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամլո քարտուղարը։

Նույն շարքից