Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով:
Վարչապետ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ ավարտվեցին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառա¬վա¬րական հանձնաժողովի 16-րդ նիստի աշխատանքները: Մենք պարոն Սոկոլովի հետ ստորագրեցինք նիստի արձանագրությունը, որն ամփոփեց 15-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում հանժնաժողովի կողմից կատարված աշխատանքները եւ սահմանեց մոտ ապագայում մեր համագործակցության հիմնական ուղղությունները: Նիստի ընթացքում մենք քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ նախանշեցինք դաշնակցային համագործակցությունը հարստացնելու գործնական ուղղություններ: Քննարկված հարցերը վերաբերում էին էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտներին:
Կցանկանայի նշել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը միտված համատեղ քայլերը եւ ջանքերը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ ընթացիկ տարում ստորագրել նաեւ միջկառավարական համաձայնագիր, որով կանոնակարգվում են հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցերը:
Նիստն անցավ, ինչպես միշտ, փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում: Մենք դրական ենք գնահատում կատարված աշխատանքը ու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմնականում ունեն անմիջական կիրառական նշանակություն մեր երկրների տնտեսությունների եւ տնտեսվարող սուբյեկտների համար: Հուսով եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն»:
Իր հերթին, պարոն Սոկոլովը նշել է.
« Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել եւ պարոն վարչապետին՝ իմ գործընկեր համանախագահողին, եւ նիստի բոլոր մասնակիցներին՝ կառուցողական ու արդյունավետ համագործակցության համար: Հայ-ռուսական համագործակցության շրջանակում մենք այսօր անցկացրեցինք միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը, բայց հանձնաժողովի աշխատանքն ամենեւին չի սահմանափակվում դինամիկ եւ արդյունավետ նիստերով: Իրականում մեր համագործակցության շրջանակում աշխատանքներ իրականացվում են ամեն օր եւ ամբողջ տարի:
Վերջին տարին, երբ Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, ցույց տվեց, թե ինչ լայն հնարավորություններ են բացվում երկկողմ հարաբերությունների ձեւաչափում: Դա վերաբերում է տնտեսական համագործակցության բոլոր ոլորտներին, այդ թվում՝ առեւտրային համագործակցությանը: Թեեւ 2014 թվականի համեմատ մեր առեւտրշրջանառությունն աննշան նվազել է, բայց այդ անկումն, այսպես կոչված, թվաբանական է, բացարձակ արտահայտությամբ այն չի նվազել: Պարզապես էներգակիրների միջազգային գներն են ընկել, ուստի գնային իմաստով շեմը նվազել է, սակայն բացարձակ ծավալնելով մեր համագործակցությունն աճում եւ զարգանում է:
Սա վերաբերում է բոլոր բնագավառներին՝ տրանսպորտ, էներգետիկա, ներդրումներ եւ այլն: Անցյալ տարվա ընթացքում ռուսական կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բացվել են մի քանի ձեռնարկություններ: Ներդրումները շարունակվում են, ինչն անշուշտ վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Որեւէ խնդիր, որը մեր համագործակցության շրջանակում առաջ է քաշվում հայկական կամ ռուսական կողմից, անուշադրության չի մատնվում, եւ որպես կանոն, գտնվում են դրական ու կառուցողական լուծումներ: Դրա համար էլ կրկին ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այսօրինակ բարեկամական փոխօգնության եւ օժանդակության համար եւ մաղթում, որ բոլորս համատեղ, արդեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, ակտիվորեն զարգացնենք մեր տնտեսություններն՝ ի բարօրություն մեր երկրների եւ ժողովուրդների»: