Հասարակություն 

«Մենք հո պերաշկի թխող կազմակերպությո՞ւն չենք, մենք Գրողների միություն ենք». Էդվարդ Միլիտոնյան

analitik.am

Թեև Հայաստանի գրողների միությունից հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիայի դուրս եկած երիտասարդները «պերաշկի» չեն էլ ակնկալում, որովհետև, ինչպես այս, այնպես էլ Հայաստանի մնացյալ բոլոր ստեղծագործական միությունները երբեք քաղաքացիական ակտիվ դիրքորոշում չեն ունեցել երկրի համար վճռորոշ որևէ պահի, այնուամենայնիվ, Գրողների միության նախագահը 168.am-ի հետ հեռախոսազրույցում «Ինչո՞վ եք աջակցում երիտասարդ ցուցարարներին» հարցին ի պատասխան` ասաց.

«Աղջիկ ջան, մենք հո պերաշկի թխող կազմակերպությո՞ւն չենք, մենք գրողների միություն ենք»:

Փորձում էինք հանգստացնել հարցից վրդովված Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին՝ նշելով, որ մեր հարցը զուտ տեղեկատվական բնույթ ունի: Փորձում էինք հասկանալ՝ ինչո՞վ է այդ կառույցն աջակցում այս օրերին իր դռան դիմաց՝ Բաղրամյան պողոտայում հավաքված ու օրեր շարունակ նույն տեղում գիշերող երիտասարդ ցուցարարներին:

Էդվարդ Միլիտոնյանն այն կարծիքին է, որ ցուցարար երիտասարդների հետ անձնապես շփման կարիք չկա, բայցի այդ, ոստիկանների կողմից ցուցարարների վրա որևէ տեսակի ուժի կիրառում բացառելու նպատակով` մշակույթի, շոու-բիզնեսի ներկայացուցիչներից և քաղաքական գործիչներից կազմված «Կենդանի պատի» գաղափարն էլ առանձնապես չի ոգևորել նրան: «Ես ամեն օր նրանց (ցուցարարների.- Ն.Մ.) միջով գնում եմ գործի»,-ավելացրեց նա:

Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ ինքն այդ պահին ժողովի մեջ է (հայտնի չէ, թե ինչ էին քննարկում այս օրերին Գրողների միությունում հրավիրված ժողովին, եթե ոչ` հենց դիմացի մայթին արդեն օրեր շարունակվող պայքարն է ու դրա հետևանքները), ու նա հասցրեց միայն ասել այն, որ Գրողների միության դռները բացվում ու կողպվում են նախատեսված ժամերին, այնպես որ, գիշերող ցուցարարները շենքի ներսում գիշերելու հնարավորություն չունեն. «Բայց օրվա ընթացքում գալիս են, ջրից են օգտվում, զուգարան են գնում, է՞լ ինչ անենք»,- ավելացրեց նա:

Փոխարենը` Հայաստանի գրողների միության նախագահը հավելեց, որ օրվա ընթացքում լինում են ժամեր, երբ միության դռներն անգամ չեն բացվում՝ ցուցարարների ստվար բազմությունից, և, որ ինքը գրողների հոգսերով մտահոգ մարդ է ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը կողմնակից լինել չի կարող: «Գրողների մեջ մեծ թվով մարդիկ կան, ովքեր գոյատևում են իրենց ստացած թոշակի հաշվին միայն, իսկ ո՞ւմ համար պարզ չէ, որ հոսանքի սակագնի բարձրացմանը զուգահեռ` թանկացումներ են լինելու»,- ասաց նա:

Էդվարդ Միլիտոնյանը գտնում է, որ ցուցարարներն իրենց պահանջները պետք է ձևակերպեն բանակցությունների սեղանի շուրջ: Իրավիճակի մեղավորը, ըստ նրա` ՀԵՑ-ի ռուսական սեփականատիրոջ վարած քաղաքականությունն է: «Ռուսական կողմը պետք է հստակ պատասխան ունենա՝ ինչի՞ հաշվին են կուտակվել այդ պարտքերը»,- եզրափակեց զրույցը Գրողների միության նախագահը:

Միգուցե իսկապե՞ս Գրողների միությունն այս պահին ամենաճիշտ ձևով է օգտագործվում հասարակության կողմից՝ ինչպես նշեց ինքը՝ միության նախագահը՝ թվարկելով, թե ինչ «աջակցություն» է ցուցաբերում Հայաստանի գրողների միությունը հայ երիտասարդներին՝ ներկա և ապագա ընթերցողներին: «Է՞լ ինչ անենք»,- իրավացիորեն ասաց Էդվարդ Միլիտոնյանը: Իսկ «պերաշկի» հաստատ պետք չէ հյուրասիրել, ցուցարարներն իրենք էլ կհյուրասիրեն, եթե, իհարկե, միության նախագահը և հայ գրողները որոշեն քայլել, զրուցել երիտասարդների  հետ, փորձեն հասկանալ… Միգուցե երիտասարդներից նրանք շատ բան սովորեն…

Լուսանկարը՝ Ռազմիկ Մարտիրոսյանի

 

Նույն շարքից