Կոռուպցիան և իշխանությունների ոչ բավարար թափանցիկությունը Հայաստանում 2014 թ.–ին մարդու իրավունքների ոլորտի ամենամեծ խնդիրներն են, նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում, որը նվիրված է աշխարհում մարդու իրավունքների վիճակին։
Ըստ զեկույցի` կոռուպցիայի մեղադրանքներն իշխանության բոլոր մակարդակներում խախտել են օրենքի գերակայությունը, չնայած, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկել` ուղղված ստորին և միջին օղակի պաշտոնյաների շրջանում կոռուպցիոն դեպքերի կանխմանը։
Զեկույցում նաև խոսվում է դատական իշխանության սահմանափակ անկախության և կառավարությունը փոխելու` քաղաքացիների իրավունքի սահմանափակման մասին։
«Այլ չարաշահումների թվում են Հայաստանի Զինված ուժերում գրանցված մահվան կասկածելի դեպքերը, ինչպես նաև զորակոչիկների հետ դաժան վերաբերմունքի դեպքերը», – նշվում է Պետդեպարտամենտի զեկույցում։
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների թվում զեկույցում նշվում են նաև լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը, ովքեր տարվա ընթացքում ակտիվորեն լուսաբանել են քաղաքացիների տարբեր բողոքները։