Հասարակություն 

Ցուցարարների բնորոշմամբ աուդիտը ուշացած տարբերակ է, ուստի պայքարը կշարունակվի մինչեւ չեղարկում

analitik.am

Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի ժամանակ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ աուդիտը ուշացած տարբերակ, ուստի պայքարը կշարունակվի մինչեւ վերջնական չեղարկում:

Հիշեցնենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին առաջարկել է աուդիտ իրականացնել Հայաստանի բաշխիչ ցանցերում։ Ըստ նախագահի, ճիշտ կլիներ, եթե միջկառավարական հանձնաժողովը յուրահատուկ ուշադրություն դարձնի Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների գործունեությանը: Ռուսաստանը Հայաստանի առաջին ներդրողն է՝ ՌԴ համախառն ներդրումները կազմել են ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար լուրջ թիվ է:

ՀՀ նախագահի առաջարկի հետ կապված՝ Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց եւ թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի եւ միանշանակ լինի իրավիճակը, եւ ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:

Մաքսիմ Սոկոլովը ՀՀ նախագահին վստահեցրել է, որ երկու երկրների նախագահների կողմից տրվող հանձնարարականները եւ բոլոր այն առաջարկներն ու ծրագրերը, որոնք ներկայացվում են միջկառավարական հանձնաժողովին, կգտնվեն հանձնաժողովի մշտական ուշադրության ներքո եւ կիրականացվեն նախատեսված ժամկետներում:

 

Նույն շարքից