Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ցանկանում. Ջեյմս Ուորլիք

analitik.am

«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սարգսյանն ու Ալիևը պատերազմ չեն ուզում»,- ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Հարցին, թե ինչ կլինի, եթե Բաքուն ամեն դեպքում որոշի պատերազմ սկսել, դիվանագետը պատասխանել է, որ դա վատագույն տարբերակը կլինի։

«Դա կհանգեցնի հակամարտության ծավալմանը և լարվածության աճին, ինչպես նաև կհանգեցնի այլ կողմերի միջամտության, ինչը կխաթարի մեր միջնորդական առաքելությունը։ Ուստի մենք աշխատում ենք հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը և խուսափել բռնությունից»,-նշել է նա։

Հարցին, թե երբ են կողմերը առավել մոտ եղել խնդրի կարգավորմանը՝ այսօր, թե 5 տարի առաջ, միջնորդը պատասխանել է, որ խաղաղ կարգավորման տարբերակներ բանակցային գործընթացի ողջ ընթացքում մի քանի անգամ հայտնվել են, սակայն, ցավոք, չեն օգտագործվել։

«Նոր հնարավորություն կա նաև հիմա, և այն պետք է օգտագործել։ Ես չեմ ուզում նվազեցնել առկա բարդությունները, բայց քաղաքական կամք դրսևորելու դեպքում հակամարտությունը լուծելի է։ Դրա այլընտրանքը պատերազմն է, չեմ կարծում, որ երկու երկրների ժողովուրդները դա ցանկանում են։ Ես բավական շատ եմ շփվել նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ և կարող եմ ասել, որ նրանք պատերազմ չեն ցանկանում, այլ ուզում են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ահա թե ինչու ենք մենք նրանց օգնում»,- ընդգծել է Ուորլիքը։

Նույն շարքից