Հասարակություն 

Երևանի կենդանաբանական այգում, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակներ են տեղադրվել

analitik.am

Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին կազմակերպված միջոցառումների համատեքստում հանրությանն է ներկայացվել Երևանի կենդանաբանական այգում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված ճոճանակը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Նախաձեռնության իրականացմանը մասնակցել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը, ինչպես նաև «Երևան ինթերնեշնլ Ռոտարի» ակումբի» և գործընկեր կառույցների անդամներ: Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ կենդանաբանական այգու արդիականացման աշխատանքների շրջանակում շատ կարևոր է այգին նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ծառայեցնելը, ուստի սա առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որը կունենա շարունակություն: Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ հաշմանդամների խնդիրները մշտապես քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում են և, հատկապես վերջին տարիներին, նոր թափ են ստացել ոլորտում առկա հարցերի լուծմանը նպաստող ծրագրերը: Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն իր հերթին այս գաղափարի իրականացումը դիտարկել է որպես «Մատչելի Երևան» ծրագրի բաղադրիչ՝ նշելով, որ քաղաքապետարանի գործելաոճի հիմքում մայրաքաղաքը նաև հաշմանդամների համար մատչելի դարձնելն է: Կենդանաբանական այգում ճոճանակի տեղադրումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այցելուների թվում քիչ չեն ՀՀ մարզերից ժամանած հատուկ կարիքներով երեխաները, ովքեր ևս կկարողանան օգտվել մանկական խաղերից: Նմանատիպ միջոցառում է կայացել նաև Աջափնյակ վարչական շրջանի` Հանրապետական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող մանկական այգում, որին ներկա է գտնվել նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Այս դեպքում Երևանի քաղաքապետարանին ծրագրի իրականացման հարցում աջակցել է «Երևան ինթերնեշնլ Ռոտարի ակումբը»: Նույն կազմակերպության օժանդակությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի` «Առագաստ» սրճարանին հարակից պուրակում ևս տեղադրվել է հատուկ ճոճանակ: Խաղահրապարակների ընտրության հարցում հաշվի են առնվել հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների առաջարկությունները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեկտեմբեր ամսին կշարունակվեն մայրաքաղաքում հաշմանդամների կարիքների լուծմանն ուղղված միջոցառումները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից