Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է էներգետիկ համակարգի խնդիրներին: Նրա խոսքով, մարդիկ պատրաստ են մտնելու գործընթացների մեջ, լինել տեղեկացված, դառնալ որոշումների կայացմանը մասնակից:
«Սա այն ողջամիտ լուծումն է, որը պետք է առաջարկվի: Մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք՝ իշխանությունները փոխվեն, հասարակությունը դառնա ավելի տեղեկացված երկրի անցուդարձի մասին:,-ասել է նա:
Նրա խոսքով՝ պետք է պլանավորել մինչև 2036 թվականը, թե ինչպիսի զարգացումներ պետք է ապրի երկրի էներգետիկ համակարգը. «Կարևոր է, որ մեր ռազմավարական հենասյունը լավ կառավարվի, և կառավարությունը շահագրգիռ է, որպեսզի այնտեղ ամենը արվի պատշաճ: Սակայն կառավարման լավ կամ վատ լինելը ուղղակիորեն չի ազդում սակագնի վրա»:
Խոսելով ՀԷՑ-ում սպասվող աուդիտի մասին՝ Դ. Հարությունյանն ասել է, որ ՀԷՑ-ը ռազմավարական ընկերություն է, ուստի կառավարությունը շահագրգռված է, որ այնտեղ ամեն ինչ պատշաճ լինի, իսկ ընկերության կառավարման լավ կամ վատ լինելը չի ազդել հոսանքի սակագնի վրա:
«Ամենակարևորը աուդիտ և խորհրդատվություն անցկացնող ընկերության ընտրության հարցն է: Իմ նախնական պատկերացումներով՝ պիտի ընտրենք աշխարհի լավագույն 10 ընկերություններից մեկին, խորհրդակցենք հասարակական ակտիվիստների, խորհրդարանական ընդդիմության հետ, որ նրանք այդ ցանկից հնարավորություն ունենան ընտրել, ենթադրենք, 3-4-5 ընկերություն, որից հետո կանենք մրցույթ, կտեսնենք, թե որ ընկերությունը կառաջարկի լավագույն գինը»,- ասել է նա:
Աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս: Պատասխանելով այն հարցին, թե մինչ աուդիտի ավարտը կառավարության կողմից էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորման դեպքում, այն միևնույն է վճարվելու է հարկատուներից գանձված գումարներից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այն դեպքում, երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի այդ գումարները բաշխիչ ցանցերից: