Հասարակություն 

Ժամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ հնարավորություն են ստացել կրկին այցելելու սահմանամերձ զորամասեր

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու և տեսակցելու իրենց զավակներին: Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի՝ այս տարվա հերթական այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ և ԼՂՀ ՊԲ զորամասեր կուղևորվեն ժամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ: 
Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել ու զրուցել են ծնողների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է օգնել ու աջակցել երևանաբնակ զինծառայողներին՝ հայրենիքին պատվով ծառայելու հարցում: 
«Մենք այսօր հերթական անգամ հնարավորություն ենք ընձեռել սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողներին այցելելու իրենց որդիների զորամասեր: Բազմիցս նշել եմ, որ արդեն բարի ավանդույթ դարձած այս ծրագրի գաղափարը ծնվեց բնակչության հետ իմ հանդիպումների ժամանակ և ուրախ եմ, որ այն կարողացանք կյանքի կոչել ու արդեն հազարավոր ծնողների այդ հնարավորությունն ընձեռվել է: Այս նախաձեռնության շնորհիվ տարեկան, առնվազն, երկու անգամ նրանք այցելում են զորամասեր, տեղում ծանոթանում իրենց զավակների ծառայությանը, կենցաղային պայմաններին», - ընդգծել է քաղաքապետը:
Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն իսկապես սպասված էր բնակիչների կողմից, փաստում է տարեցտարի զորամասեր այցելելու ցանկություն հայտնող ծնողների թվի ավելացումը: Եթե 2013թ. կազմակերպված 2 այցելություններին ընդհանուր առմամբ մասնակցել էր շուրջ 1100 ծնող, ապա այս տարվա միայն գարնանը կազմակերպված այցի ժամանակ գրեթե նույնքան ծնող օգտվեց նախաձեռնությունից: Եվս 950-ն էլ այս անգամ է մեկնում: 
«Այս հարցում մեր մոտեցումը հստակ է. ցանկություն հայտնած բոլոր ծնողներին պետք է ընձեռենք այս հնարավորությունը: Սա, իմ կարծիքով, սոցիալականից բացի մեկ այլ կարևոր նշանակություն էլ ունի. զինվորների ծնողները տեղում են համոզվում, որ մեր բանակում զինվորի նորմալ ծառայություն անցկացնելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Ի դեպ, զորամասեր կատարած իմ այցելության ժամանակ ես նաև իմացա, որ այս նախաձեռնությունն առանձնակի գնահատվում է հենց մեր զինվորների կողմից, ովքեր լրացուցիչ անգամ համոզվում են, որ իրենց հարազատ քաղաքի իշխանությունները ևս իրենց հետ են ու պատրաստ են մշտապես աջակցելու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ճանապարհին:
«Մեր հաջողությունը համագործակցությունն է բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակում, և մենք միանշանակ բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետի և իր աշխատակազմի այս նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր տարի, առնվազն, երկու անգամ ծնողներին ուղեկցելու իրենց որդիների զորամասեր: Այդպիսի ակցիաներ իրականացնում է նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և վերջին տարիներին բավականին լուրջ միջոցառումներ են կազմակերպվում ինչպես զորամասերում ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու, այնպես էլ լավագույն զինծառայողներին, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում իրենց ծնողներին հանդիպելու ուղղությամբ: Անշուշտ, այսպիսի հանդիպումների կազմակերպման շնորհիվ ավելի է ամրապնդվում կապը բանակի հետ և ոգեշնչվում են ինչպես ծնողները, այնպես էլ զինծառայողները»,- նշել է Սեյրան Օհանյանը: 
Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝ ժամկետային զինծառայողների ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին և Սեյրան Օհանյանին ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար:
Հարկ է նկատել, որ, տարեկան, առնվազն, երկու անգամ սահմանամերձ զորմասերում ծառայող երևանաբնակ զինվորների հետ իրենց ծնողների հանդիպումները կազմակերպելուն զուգահեռ, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված համաձայնությամբ մայրաքաղաքից զորակոչված ժամկետային զինծառայողները հնարավորություն են ստանում նաև Երևանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: 
«Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մենք ոչ միայն ծնողներին ենք ուղարկում զորամասեր, այլև ծառայության ժամանակ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդի հնարավորություն ստանում և գալիս Երևան: Այս տարի երևանաբնակ արդեն ավելի քան 500 զինծառայող է այցելել Երևան ու խրախուսվել 5-օրյա արձակուրդով: Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում պաշտպանության նախարարությանն՝ ի դեմս նախարար պարոն Սեյրան Օհանյանի, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությանը՝ այս կարևոր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այցը կազմակերպելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացված են: Նշվել է նաև, որ այս անգամ ևս ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաև բժիշկներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից