Հասարակություն 

Առավել կխստացվի հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է ամենօրյա հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 39 վարչական արձանագրություն: Կատարվող աշխատանքները գնահատելով ոչ բավարար՝ հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունն ու օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը երևույթը վերացնելու նպատակով: 
Նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողությամբ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 4 դեպքի մասով: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ 3 հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: 
Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ կազմվել է վարչական 8 արձանագրություն: Այս մասով հանձնարարվել է հատկապես հանգստյան օրերին էլ ավելի ուժեղացնել հսկողությունը:
Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել և խստորեն հետևել տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը՝ ապահովելով պատշաճ խնամք: 
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված` զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստացվել է, համապատասխանաբար, 251 և 73 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ, լուծում է ստացել 230 հարց, մյուսներն ընթացքի մեջ են:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների 950 ծնողներն այցելել են Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ և ԼՂՀ ՊԲ զորամասեր ու տեսակցել իրենց զավակներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից