Հասարակություն 

«Գրաբարյան օրեր 2014» առաջին ծրագիրն ավարտվել է

analitik.am

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի ամփոփող միջոցառումը։ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնած ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ «Գրաբարյան օրեր» ծրագրի ընթացքում գրավոր և բանավոր փուլերով անցկացված օլիմպիադային մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության միջնակարգ դպրոցների և ՀՀ ԿԳՆ ենթակայության հիմնական դպրոցների աշակերտները։
Խրախուսական և մրցանակային հավաստագրերն ու պարգևները հանձնելու միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ։ Մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած աշակերտներն ու նրանց ուսուցիչները պարգևատրվել են արժեքավոր նվերներով, որոնք սահմանել էր «Փյունիկ» հիմնադրամը՝ հանձին ԱԹՀ թեմական խորհրդի ատենապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի։
«Գրաբարյան օրեր» ծրագրի ընթացքում կազմակերպվել են միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, նկարահանվել են ուսուցողական, քարոզչական հոլովակներ։
Ծրագրի կայացմանն աջակցելու և ազգային արժեքների վերհանումը կարևորելու համար Արարատյան Հայրապետական թեմը շնորհակալագրերով է պարգևատրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին և «Փյունիկ» հիմնադրամին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից