Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ծեծվածը ծեծողի հրաժարականն է պահանջելու. Ս․ Սաֆարյան

analitik.am

Հոսանքի թանկացման դեմ պայքարող շարժումը թևակոխել է տրանսֆորմացիայի փուլ, որի հետ կապված դժվարությունները երևացին երեկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Շատ ընդգծված էր երեկ քաղաքական և քաղաքացիական հասարակությունների բաժանումը: Ազատության հրապարակ գնացածները գտնում են, որ տեղափոխվելը ճիշտ է, քանի որ չեն ցանկանում դա լինի ցրելու միջոցով: Բաղրամյանում մնացած թևն էլ կարծում է, որ պայքարը շարունակել պետք է միայն այնտեղ»,-նշեց Սաֆարյանն՝ ընդգծելով, որ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ որևէ շարժում կարողանում է այդքան երկար մնալ Բաղրամյան պողոտայում:

Նա նկատեց, որ այս պահին շարժման ներսում կոնֆլիկտները չափազանց շատացել են, շարժման տարբեր թևեր միմյանց են մեղադրում. «Իրականում այս շարժման հաջողությունները ամենևին էլ տեղով չէր պայմանավորված, շարժմանը հաջողություն է բերել այն, որ հիմնականում այն անառաջնորդ է եղել»:

Ըստ նրա՝ շարժման մյուս գրավականներից էր նաև այն, որ չունենալով օրակարգում քաղաքական խնդիր՝ շարժումը հավելյալ լարվածություն չի առաջացրել: Ինչպես նաև այն, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները չափազանց ճկուն և սթափ են գտնվել՝ անգամ բռնություններից հետո:

«Իշխանության վախն այն էր, որ պայքարն իր օրակարգով քաղաքականի կվերածվի, որը տեղի չի ունենում: Իշխանության շահերից չի բխում ուժի կիրառումը: Սակայն, ի վերջո պետք է հասկանանք, որ Բաղրամյան պողոտան երկար փակ պահել էլ չի կարելի»,-ասաց Սաֆարյանը:

Նա նաև շեշտեց, որ ՀՀ իշխանությունների՝ ՀԷՑ-ի տնօրեի գործունեությունից դժգոհություն ունենալն ակնհայտ է, և շարժումը օղակ դարձավ խոսելու դրա մասին:

Ինչ վերաբերում է հարցին, թե որն էր ճիշտ՝ մնալ Բաղրամյանում, թե գնալ Ազատության հրապարակ, Սյտոպա Սաֆարյանը երկու կողմի որոշումն էլ իդեալական չհամարեց. «Իրավացի են «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող անդամները, քանի որ գիտակցում են օրեցօր մեծացող ռիսկերը: Նրանք տեսնում են, որ մնացողներից շատերը մեծ-մեծ խոսում են, բայց գիտենք, որ մնացողներից մեծ մասն ուղղակի թամաշա անողներ են»:

Նրա խոսքերով, եթե Բաղրամյանում մնացողների վրա ուժ կիրառեն՝ քաղաքական օրակարգ կառաջանա. «Ծեծվածը ծեծողի հրաժարականն է պահանջելու»:

Նույն շարքից