Գլխավոր Սպորտ 

Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի անցնենք «Ֆոլգորեի» արգելքը․ Սարգիս Հովսեփյան

analitik.am

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում «Ֆոլգորեի» հետ դիմակայությունից առաջ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը մամուլի ասուլիս տվեց:

«Լրջությամբ ենք պատրաստվում հանդիպմանը: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի անցնենք «Ֆոլգորեի» արգելքը: Եթե չհաղթահարենք մրցակցի արգելքը, ապա կստացվի, որ պատրաստ չենք Չեմպիոնների լիգային: Նորմալ կերպով մարզվում ենք, անպայման խաղալու ենք հաղթանակի համար: Կցանկանայի, որ վաղը տղաներն այնպես խաղան, որ 80 տոկոսով լուծեն հաջորդ փուլ անցնելու հարցերը»:

- Մրցակցի խաղն ուսումնասիրե՞լ եք. ի՞նչ կառանձնացնեք այդ մասով:

- Նրանց ուժեղ կողմն այն է, որ ունեն որակ: Հնարավորության դեպքում կարող են վճռորոշ փոխանցումը կատարել: Ամեն դեպքում, կարծում եմ նրանց կգերազանցենք արագությամբ: Այնպիսի արագություն ենք հաղորդելու, որ մրցակիցը չհասցնի:

- Ֆուտբոլիստները խաղից առաջ ֆիզիկական ի՞նչ վիճակում են գտնվում:

- Բոլորը վաղուց լիովին պատրաստ էին: Բոլորը թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես մարտական են տրամադրված:

- Նորեկներից հնարավո՞ր են մեկնարկային կազմում ֆուտբոլիստներ լինեն:

- Այժմ չեմ կարող ասել. վերջին մարզումից հետո միայն կազմի վերաբերյալ հստակություն կլինի:

- Կազմը լիովին բավարարո՞ւմ է Ձեզ. առաջիկայում համալրումներ կլինե՞ն:

- Եթե հաղթահարենք «Ֆոլգորեի» արգելքը, հնարավոր է մեկ ֆուտբոլիստով համալրում լինի:

Նույն շարքից