Սոցիալական ընդվզման գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանում հասարակությունը դժգոհ է սոցիալական-տնտեսական իրավիճակից, հասարակական-հոգեբանական մթնոլորտից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ընթացող բողոքի ակցիային:
Քաղաքագետի խոսքերով՝ վերջին շրջանում հասարակությունը լիովին կորցրել է քաղաքական դիրքորոշման արտահայտման մեխանիզմները: Այսինքն՝ չկան մեխանիզմներ իրենց մոտեցումները գոնե ձևական առումով հասցնեն իշխանություններին:
«Այն բանից հետո, երբ փետրվարին «քաղաքական ինքնասպանություն» արեց ԲՀԿ-ն, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում քաղաքական ընդդիմությունը կորցրեց քաղաքական լծակները, հետևաբար, տեսնում ենք, որ քաղաքական պայքարը խորհրդարանից դուրս է գալիս փողոց»,- ասաց Ս.Մինասյանը՝ հիշեցնելով Մաշտոցի պուրակի դեպքերը, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաները:
Սակայն, ըստ քաղաքագետի, այսօր Բաղրամյան պողոտայում իրավիճակն այնպիսին է, որ այս սոցիալական շարժումը չունի քաղաքական ղեկավարություն, դա բնորոշ է նմանատիպ ակցիաներին, բայց դա ևս վտանգավոր է: