Հասարակություն 

Սեյրան Օհանյանը և Գերիների ու անհետ կորածների հանձնաժողովի անդամները այցելել են անհետ կորածների ընտանիքներին

Անհետ կորածների օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով այցելել են Երեւանում բնակվող ղարաբաղյան պատերազմի անհետ կորած մասնակիցների ընտանիքների անդամներին։

Եռաբլուր համալիրում հանդիսավոր արարողությունից հետո Սեյրան Օհանյանը հյուր է գնացել Մալաթիա Սեբաստիա թաղամասում բնակվող Ալվարդ Ղարիբյանին՝ «Արաբո» ջոկատից Արթուր Ղարիբյանի մորը։ Տան բակում Սեյրան Օհանյանը ծաղիկներ է դրել «Արաբո» ջոկատի մարտիկներին նվիրված խաչքարի մոտ։  Անմիջական զրույցի ընթացքում նախարարը անդրադարձել է անհետ կորածների խնդրին, հետաքրքրվել է անհետ կորած ազատամարտիկի մոր խնդիրներով։ Շնորհակալություն հայտնելով՝ Ալվարդ Ղարիբյանը նշել է, որ տեղյակ է անհետ կորածների որոնումների հետ կապված խնդիրներին՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից համագործակցության ցանկության բացակայությունը։ Հանդիպման վերջում նախարարը ազատամարտիկի մորը առողջություն եւ համբերություն է մաղթել։

Նույն օրը Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով հանձնաժողովի անդամները այցելել են մի քանի ընտանիքների, որոնք բնակվում են Երեւանի տարբեր թաղամասերում։

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը Հայաստանի անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմմա Առաքելյանի եւ հանձնաժողովի աշխատանքային խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Սամվել Ասատրյանի ուղեկցությամբ այցելել են Սամարա Գրիգորյանին՝ անհետ կորած Վրեժ Գրիգորյանի մորը։ Սուրճի սեղանի շուրջ Սամարա Գրիգորյանը հանձնաժողովի ներկայացուցիչներին վստահեցրեց, որ անհետ կորած տղաների ծնողները գիտեն, որ հանձնաժողովն անում է իրենից կախված ամեն բան տղաներին գտնելու համար։ «Ամենից շատ մեզ պետության ուշադրությունն է պետք։ Մենք գիտենք, որ աշխատանքը տարվում է, բայց հակառակորդը չի ուզում համագործակցել»,-ասաց Գրիգորյանը։

Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով հանձնաժողովի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածում անհետ կորած է համարվում մոտ 200 մարդ։  Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր առմամբ անհետ կորել է մոտ 1000 մարդ։

Հայաստանում անհետ կորածների օրը նշվում է 2 անգամ՝ օգոստոսի 30-ին՝ անհետ կորածների միջազգային օրը, եւ հունիսի 29-ին՝ անհետ կորած ազատամարտիկների օրը։

Նույն շարքից