Այսօր «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովին ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Վարդան Այվազյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը հիմա ավելի բարդ իրավիճակում է գտնվում, քան նույնիսկ 2008, 2009 թվականներին:
«Մեզ անհապաղ և գործուն քայլեր են պետք ու շատ դեպքերում ոչ ստանդարտ քայլեր, սակայն հաշվարկված»,-ասաց նա:
Վարդան Այվազյանն առաջարկեց ստեղծել ֆինանսական մեծ ֆոնդ: Ինչ վերաբերում է ներդրումների պաշտպանվածությանը և խրախուսմանը, ապա նա վարչապետին առաջարկեց ստեղծել մեկ խորհուրդ, որտեղ ներգրավված կլինեն հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, որովհետև վստահությունը կարևոր հանգամանք է:
Նրա երրորդ դիտարկումն այն էր, որ ներքին ռեսուսների՝ տեղական արդյունաբերության մեջ օգտագործման խնդիր կա:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ նախարար Արա Նռանյանը նշեց, որ ԵՏՄ շուկայում հայկական ապրանքները վայելում են համապատասխան հարգանքն ու հեղինակությունը, և մարդիկ սիրով գնում են դրանք։
Ըստ նրա՝ դա վերաբերում է ոչ միայն կոնյակին, այլ նաև վերամշակված սննդի և այլ ապրանքներին:
Նա նշեց, որ ԵՏՄ-ում Հայաստանն ունի դժվարություններ, և բոլոր անդամ երկրներ էլ ունեն դժվարություններ:
«ՀՀ-ն ունի խնդիրներ, պետք չէ խաբել մեզ, բայց պետք հասկանալ՝ դրանք լուծվո՞ղ են, թե ոչ»,-ասաց նա և նշեց, որ ԵՏՄ-ում աշխատելու դաշտը բավական մեծ է և համոզմունք հայտնեց, որ կարող են ստանալ առավելագույնը:
Նա կոչ արեց լինել լավատես և համատեղ աշխատել: