Հունիսի 29-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը, որին մասնակցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը: Նշենք, որ պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը և Արծվիկ Մինասյանը:
Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ողջույնի խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Էդուարդ Շարմազանովը և Վիկտոր Գումինսկին:
Ողջունելով բելառուս գործընկերներին միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացման կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Միջխորհրդարանական հանձնաժողովը բաց և կառուցողական երկխոսության հարթակ է: Նա փաստել է, որ համատեղ ջանքերով հաջողվել է հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում զգալի հաջողություններ արձանագրել:
«Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս երկուսի կապն առաջին հայացքից անտեսանելի է և անուղղակի է թվում, բայց պետք է նշեմ, որ 1915 թվականին հայ ժողովրդի միլիոնուկես զավակներ զոհ դարձան հենց այդպիսի նացիզմի և ֆաշիզմի: Թուրքիայի անպատժելիությունն էր, որ ծնեց Մուսոլինիի ֆաշիզմը և Հիտլերի նացիզմը: Սրա վառ օրինակը գերմանական ռազմական հրամանատարության առջև Հիտլերի հայտարարությունն էր. «Ով է այժմ հիշում Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Գերմանիայի քաղաքականությունը երիտթուրքերի նացիզմի քաղաքականության շարունակությունն էր»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Այնուհետև քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում կողմերի համագործակցությանը, Հայաստանում և Բելառուսում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման արդյունքներին:
Օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արծվիկ Մինասյանը և Գագիկ Մելիքյանը:
Նիստի ընթացքում կողմերը կոչ են արել ընդլայնել միջխորհրդարանական համագործակցության շրջանակը, կարևորվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը և դերը: Առաջարկություններ են ընդունվել, որոնք մասնավորապես վերաբերել են տնտեսական ոլորտի բարեփոխումներին: Կողմերն առաջարկել են Գյումրի քաղաքում հիմնել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման և պահեստամասերի արտադրության հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություն:
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման ժամկետների և թեմայի հարցը:
Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին հաջորդել է համանախագահներ Էդուարդ Շարմազանովի և Վիկտոր Գումինսկու մամուլի ասուլիսը, որի ընթացքում համանախագահները լրատվամիջոցների ներկայացուցիչներին մանրամասներ են ներկայացրել նիստի արդյունքների վերաբերյալ: